Հայաստանը ցանկանում է աղբից դիզելային վառելիքի արտադրություն հիմնելու համար ներդրող գտնել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը: Պլանավորվում է ներդրող գտնել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի աղբանոցի համար, որի շինարարությունը կսկսվի 2016թ. գարնանը:

Երկու մարզերում տարեկան հավաքվում է 75 հազար տոննա աղբ: Սակայն ներդրողի համար կարեւոր է իմանալ, թե ինչից է այն բաղկացած: Կան հետազոտություններ, սակայն անհրաժեշտ են ավելի մանրամասն ուսումնասիրություններ, որոնց վրա կարող են հիմնվել ներդրողները, պարզաբանել է Բախշյանը:

Հայաստանում արդեն գործում են բավականին շատ ձեռնարկություններ, որոնք զբաղվում են թափոններից առանձին նյութեր պատրաստելով՝ պլաստիկ, թուղթ, ապակի: «Սակայն այս դեպքում խոսքը օրգանական սննդային աղբի վերամշակմամբ, որը կազմում է աղբանոցի 30-40 տոկոսը: Դրանից կարելի է արտադրել բիոգազ, պարարտանյութ, դիզելային վառելիք»,- նշել է Բախշյանը:

Նախարարությունը պատրաստ է պոտենցիալ ներդրողին տալ ողջ անհրաժեշտ տեղեկությունը: «Մեզ միայն անհրաժեշտ է իմանալ աղբն ընդունելու  նրա սակագնային հայտը»,- ասել է փոխնախարարը: