«Հյուսիս-Հարավ» բետոնե նոր մայրուղին կբարձրացնի Հայաստանից Ռուսաստան եւ դեպի ԱՊՀ այլ երկրներ կարեւորագույն բեռնափոխադրումների հուսալիությունը։
Այս մասին Երեւան-Արտաշատ (հարավ) եւ Աշտարակ (հյուսիս) 1-ին տրանշի շրջանակներում մայրուղու 2 հատվածների հանդիսավոր բացման ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի միջազգային բեռնափոխադրումների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի հետ բեռնափոխադրումների առյուծաբաժինը բաժին է ընկնում այդ երկրներին՝ Ռուսաստանին, Բելառուսին, Միջին Ասիային։ Այդ պատճառով փառք ու պատիվ նրան, ով մտածել է այս ճանապարհը։ Դրանով հեշտանում է այդ ուղղություններով երթեւեկությունը»,- ասել է Համբարձումյանը։
Նոր ճանապարհը ավելի հարմարավետ կլինի խոշոր բեռնափոխադրումների համար։ «Առաջ ձմռանը բեռնատարները կարող էին մնալ ճանապարհին մերկասառույցի պատճառով։ Երբեմն ստիպված էինք լինում մինչեւ 2 օր սպասել։ Իսկ այստեղ նման հարցեր չեն առաջանա»,- ասել է նա։
«Հյուսիս-Հարավ» բետոնե մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման ճանապարհը՝ ներկայիս 556-ից հասցնելով 495 կմ-ի: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է: Նախագծի հիմնական դոնորն Ասիական զարգացման բանկն է։ Նախագիծը պլանավորվում է ավարտին հասցնել 2019թ.։



























