Ամերիկյան Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի խոշոր ընկերությունների այն ղեկավարների վարկանիշը, որոնք, լրագրողների կարծիքով, այս տարվա ընթացքում ամենավատն են եղել:
Նրանց թվում հայտնվել է Turing Pharmaceuticals դեղագործական ընկերության ղեկավար Մարթին Շքրելին, որը գնել է տոքսոպլազմոզի բուժման համար նախատեսված դեղամիջոցի իրավունքը՝ դրա գինը 13.5 դոլարից հասցնելով 750 դոլարի:
Շքրելիի հետ միասին դեղագործական սկանդալում ներգրավվել է նաեւ Valeant-ի ղեկավար Մայքլ Փիրսոնը, որին մեղադրում են շահույթի չափը մեծացնելու եւ այն բանի մեջ, որ արտադրող ընկերությունը վաճառողներին ավելի շատ դեղամիջոց է ուղարկել, քան նրանց կարող էին վաճառել:
«Արդյունաբերական բլոկ»-ում հայտնվել են նաեւ երեք այլ ղեկավարներ, որոնց թվում է Volkswagen-ի ղեկավար Մարտին Վինտերկորնը: Նա ստիպված եղավ հրաժարական ներկայացնել՝ ընկերության ավտոմեքենաների վնասակար արտանետումների ցուցանիշների կեղծման շուրջ սկանդալից հետո:
Ցուցակում ներառվել է նաեւ Yahoo!-ի ղեկավար Մմարիսա Մայերը, որը 3 մլրդ դոլար է ծախսել այլ ընկերությունների ձեռքբերման եւ կլանման համար, որոնցից ամենանշանակալին Tumblr հարթակի ձեռքբերումն է եղել:
Tinder-ի համահիմնադիր Շոն Ռեդն այս ցանկում ներառվել է իր հարցազրույցի պատճառով, որում նա բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել՝ այդպիսով վնաս հասցնելով իր բաժնետերերին:
Ըստ «Իզվեստիա»-ի, United Continental-ի ղեկավար Ջեֆրի Սմիսեկը ցանկում հայտնվել է այն պատճառով, որ նրա ավիաընկերությունը հաճախ է ուշացրել չվերթները:



























