Հայկական արտադրողները կարող են ազատորեն մեղր արտահանել Եվրամիություն, իսկ ձկան արտահանման վերաբերյալ մոնիտորինգային աշխատանքները ընթացքի մեջ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական լաբորատոր ծառայությունների հանրապետական կենտրոնի տնօրեն Արման Գեւորգյանը:
Պետական ծառայությունն անցել է ԵՄ-ի մոնիթորինգային ծրագրերի ամբողջ ուղին, որը շուրջ 3 տարի է տեւել, մթերքները ստուգելով ԵՄ-ի իրավական դաշտին համապատասխան:
«Պետության համար դա մեծ ֆինանսական բեռ է, բայց մենք ստանձնել ենք այն՝ մեր արտադրողներին աջակցելու համար: Այս տարիներին մենք անալիզի ենք ենթարկել մթերքների նմուշները, իսկ հետո դրանց արդյունքներն ուղարկել Եվրահանձնաժողով: Արդյունքները բավարար էին: Ի պատիվ մեր մասնագետների ասեմ, որ եվրոպական կողմը միշտ հաստատել է նրանց արդյունքները»,- հայտարարեց Գեւորգյանը:
Ստացված փորձն արժեքավոր կլինի նաեւ Եվրասիական միության համար. Հայաստանն առաջին հանրապետությունն է, որն անցել է այդ դժվարին գործընթացով:
«Ինչպես պետք է մոնիթորինգ անցկացնել, ինչպիսի հիվանդությունների հետեւել. այս հարցերում մենք կարող ենք օգնել ԵՏՄ մեր գործընկերներին: Ընդ որում, մեթոդաբանությունն օգտագործվելու է ոչ միայն դեպի ԵՄ արտահանման համար, այլեւ Եվրամիության ներսում շրջանառության ժամանակ»,- հավելեց Արման Գեւորգյանը:




























