Չկան պաշտոններ, որոնք որ հայ կնոջ կերպարին չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր՝ նախարար նշանակմանը, նախարարության աշխատանքին ու հետագա անելիքներին:

Հայաստանում առաջին անգամ արդարադատության նախարար է նշանակվել երիտասարդ կին: Ինչպե՞ք եք Ձեզ զգում այս պաշտոնում:

Շատ սովորական: Հասարակության մեջ ծավալվող քննարկումների արձագանքը առավելապես պայանավորված էր հենց նրանով, որ առաջին անգամ է իգական սեռի ներկայացուցիչը նշանակվում արդարադատության նախարար: Սակայն կարծում եմ սխալ է դրանով պայմանավորել աշխատանքի լավ կամ վատ լինելը: Ինձ համար իմ աշխատանքը կատարելիս բնական է՝ այս խոսակցությունները նշանակություն չունեն: Ես աշխատում եմ այնպես, ինչպես միշտ էի աշխատում՝ բազմապատկված պատասխանատվությամբ եւ բազմապատկված գրաֆիկով:

Հայ կինն ու արդարադատությունը համապատասխանո՞ւմ են իրար: Կինը զգացմունքային է…

Չեմ կարծում, որ պաշտոններ կան, որ հայ կնոջ կերպարին չեն համապատասխանում: Հասարակությունն է ստեղծել այս կարծրատիպերը, որոնք մեզանից յուրաքանչյուրի համար դարձել են գնահատման չափանիշ, մոտեցում ցուցաբերելու հիմք կամ չափանիշ: Ո՞վ է այդ չափանիշները սահմանել, ո՞վ է որոշել, որ ամեն ինչ այդպես է, կամ ո՞վ է ասել, որ եթե կնոջ էմոցիոնալ դաշտը մի փոքր ավելին է, քան տղամարդունը, դա վատ է: Ցանկացած իրավիճակում այս կամ այն խնդրի լուծման ժամանակ երկու մոտեցումներն էլ կարող են պիտանի լինել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ապացուցի՝ անկախ սեռային պատկանելիությունից ինքը կարողանում է աշխատել, թե ոչ: Գնահատականը տալու են ոչ սեռային պատկանելությամբ պայմանավորված:

Ձեր իգական սեռի ներկայացուցիչ լինելն էլ հասարակությանն առավել թերահավատ դարձրեց:

Կարծում եմ դա ոչ թե անձամբ իմ հանդեպ էր կամ անձնավորված, այլ հասարակության գնահատականն էր՝ տեսնել կնոջը այս կամ այն պաշտոնում: Դա հանրային վստահության խնդիրն էր կնոջ նկատմամբ: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ հայ հասարակությունը, այո, կարծրատիպային է, պատրիարխալ է: Մեր հասարակությունը կնոջը թերագնահատում է եւ որևէ պաշտոնի նշանակելիս կնոջ ու տղամարդու ելման կետերը երբեք հավասար չեն լինում, բայց կարծում եմ սա ճիշտ մոտեցում չէ: Մենք ունենք բազմաթիվ կանայք, որոնք այս կամ այն ոլորտում լուրջ հաջողությունների են հասել: Չեմ կարծում, որ կարեւորագույն արժեքներից խոսող, եվրոպական տարբեր արժեհամակարգերին ինտեգրվել ցանկացող հայ հասարակությունը պետք է հայ կնոջ դերն այսքան նսեմացնի եւ սահմանափակի: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր կին կամ տղամարդ իր աշխատանքով պետք է ապացուցի իր այս կամ այն պաշտոնին համապատասխան լինելը, որպեսզի սեռային պատկանելությամբ պայմանավորված քննարկումներ չլինեն:

2003-2008թթ. տարբեր պաշտոններ եք զբաղեցրել արդարադատության նախարարությունում: Ինչպե՞ս ընդունեցին Ձեր գործընկերները արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Ես շատ լավ ընկերներ ունեմ արդարադատության նախարարությունում եւ շարունակում եմ մնալ իրենց ընկերը: Միեւնույն ժամանակ գործնական հարթությունում հարաբերություններն այլ բնույթ են կրում: Բայց այս հարցին իրենք պիտի պատասխանեն, հասեցատերը ես չեմ:

Պատգամավոր եւ նախարար Արփինե Հովհաննիսյաններն ինչո՞վ են իրարից տարբերվում:

Որպես նախարար՝ պատասխանատվության բեռով պայմանավորված ավելի խիստ պահանջներ ես դնում աշխատակիցներիդ վրա, որ կարողանաս հասցնել եւ իրականացնել խնդիրները, որոնք նախարարությունն իր առջեւ դրել է, իսկ այս խնդիրների լուծումը շատ կարեւոր է յուրաքանչյուրի համար: Երբ անհատական բեռդ գերազանցում է սովորական ծանրաբեռնվածությանդ, պիտի ուժերդ վերադասավորես, մի փոքր այլ ձեւաչափով մոտենաս խնդրին: Բնավորության եւ էության, մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասով որեւէ տարբերություն չկա:

Տիկին Հովհաննիսյան, բնավորության ի՞նչ գծեր պետք է ունենա ղեկավարը, որ կարողանա նման հսկայական կառույց ղեկավարել:

Կարծում եմ, որ ղեկավարի համար չափազանց կարեւոր մի հատկանիշ կա, որը չգիտեմ՝ ես ունեմ, թե չէ, բայց փորձում եմ իմ պատկերացրածով իրականություն դարձնել: Պրոֆեսիոնալների հանդեպ հարգանքը: Պարտադիր չէ հեռացնել հին թիմին, բերել նորերին եւ այդ կերպ աշխատել եւ հաջողության հասնել: Ընդհանրապես հաջողության գրավականը լավ եւ պրոֆեսիոնալ աշխատակազմ ունենալն է: Նախարարը քաղաքական պաշտոն է, որը գալիս եւ գնում է, իսկ աշխատակազմը պետք է անխափան աշխատի ժամացույցի պես: Հենց նրանց վրա պետք է հիմնվի ամբողջ աշխատանքը: Ես հենց սրանով եմ առաջնորդվել: Եթե իսկապես կան պրոֆեսիոնալներ, նրանք պետք է շարունակեն աշխատել: Նախարարի թիմը նախարարի վստահության քվոտան ապահովելու համար է, իսկ աշխատակազմի վրա պետք է հիմնվի նախարարությունը՝ անկախ նրանից, թե նախարարն Արփինե Հովհաննիսյանն է, թե ուրիշ մեկը:

Սա նշանակում է՝ կադրային ջարդ չե՞ք արել, ինչպես Ձեր նշանակվելուց հետո գրում էր մամուլը:

Կադրային ջարդ բնականաբար չի եղել, փոփոխություններ եղել են այս կամ այն պատճառով պայմանավորված: Ես գնահատում եմ պրոֆեսիոնալ աշխատանքը, մասնագիտական որակները: Հետեւաբար, ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է աշխատեն նախարարությունում՝ անկախ իրենց մարդկային որակներից կամ որ նախարարի ժամանակ են պաշտոնավարել:

Տիկին Հովհաննիսյան, քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք: Մինչեւ ձեր նշանակվելը լուրեր էին շրջանառվում, որ նա կարող է նշանակվել արդարադատության նախարար:

Կարճ պատասխանեմ՝ շատ լավ, ջերմ աշխատանքային եւ մարդկային հարաբերություններ:

Քրեակատարողական հիմնարկների շուրջ կրքերը, սակայն, չեն հանդարտվում՝ միջադեպ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ցմահ դատապարտյալների հացադուլներ: Ասում են՝ Արթուր Օսիկյանի հետ լարված հարաբերություններ ունեք եւ հենց սրանով է պայմանավորված ՔԿՀ-ներում կատարվող իրադարձությունները:

Ձեր հարցում ճիշտ պատասխանը կար՝ ասում են: «Ասում են»-ը եւ իրականությունը շատ հաճախ իրար հետ կապ չունեն:

Հասարակության շրջանում լայն արձագանք գտավ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը: Վարորդները մտավախություն ունեն, որ իրենց հերթական տհաճ անակնկալն է սպասվում:

Նրանց մտավախությունները ես կփարատեմ: Սա ծուղակ չէ, սա քայլերի հաջորդականության առաջին էտապն է, մենք դեռ կարեւոր քայլեր ունենք իրականացնելու: Սա վարորդների բեռը թեթեւացնելու առաջին քայլն է լինելու, եւ իրապես համոզմունք ունեմ՝ որպես քաղաքացի, դրական արդյունք կունենա: Երբ օրենքը սկսի գործել, քաղաքացիներն էլ իրենց մաշկի վրա կզգան: Դրական փոփոխություններտը զկագն, ինչպես նաեւ թերությունները կզգան, որոնք մենք կփորձենք շտկել: Ի վերջո, աշխարհում ոչինչ իդեալական չէ: