Ուժի մեջ է մտել հունվարի 2-ից ռուսական արտադրության ապրանքների համար մաքսատուրքեր մտցնելու մասին Ուկրաինայի կառավարության որոշումը: Կիեւն այսպես է պատասխանել Ռուսաստանի կողմից Ազատ առեւտրի գոտու ռեժիմի չեղարկմանն ու Ուկրաինայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ներդրմանը:

Lenta-ի փոխանցմամբ, մեկ օր առաջ՝ հունվարի 1-ին, ուժի մեջ է մտել Եվրամիության հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի՝ Ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին դրույթը: Այսուհետ եվրոպական ապրանքներից Ուկրաինայում մաքսատուրք չի գանձվի:

Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք էր ստորագրել ԱԱԳ մասին պայմանագրի գործողությունն Ուկրաինայի հետ դադարեցնելու մասին: Նույն օրն Ուկրաինայի կառավարությունը հաստատել է ռուսաստանյան մթերային էմբարգոյի դեմ պաշտպանական միջոցառումների ցանկը ու 2016 թվականի հունվարի 1-ից ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի գործողության դադարեցումը: Մաքսատուրքերի սահմանումից բացի, նախատեսվում է հունվարի 10-ից արգելել ռուսական արտադրության մի շարք ապրանքների, մասնավորապես՝ օղու, շոկոլադի, մսի, ձկան, գարեջրի ու ծխախոտի ներմուծումը: