Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջկենտրոնում նոր ուսումնական տարվա սկզբին հանձնվել է դպրոցի նորակառույց շենք, որը կրում է Արցախյան ազատամարտի հերոս Էդմոն Բարսեղյանի անունը։

Դպրոցի հիմնական մասնաշենքի շինարարությունը ավարտված է, սեպտեմբերի 1-ից այստեղ կսկսվեն դասընթացները։ Մինչ օրս, շինարարական աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 620 միլիոն դրամ։ Երկրորդ փուլում կառուցվելու են՝ մարզադահլիճ եւ մարզահրապարակ։

Շենքի սեյսմակայունությունը համապատասխանում է նորմերին, դա հաստատել են Երեւանից ժամանած մասնագետները։ Դպրոցը ապահովված է ռադիոյով, ջեռուցման եւ հակահրդեհային համակարգերով։

Ընթացիկ տարվա դեկտեմբերից միջնակարգ դպրոցը կվերածվի ավագ դպրոցի։ Շենքը հարմարեցված է ավագ դպրոցի պահանջներին, նախատեսված են լաբորատորիայի եւ համակարգչային դասընթացների համար առանձին սենյակներ։

Նկուղային տարածքներում արհեստանոցներ են լինելու։