Թեեւ հերթական խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, սակայն հատկապես իշխանական կուսակցությունները ոչ միայն պատրաստվում են դրանց, այլեւ քննարկում են իրենց նախընտրական ցուցակների կազմը: «168 ժամ»-ը տեղեկացնում է, որ որոշ իրազեկ ՀՀԿ-ականներ իսկական «մանթրաժի» մեջ են, քանի որ քննարկվում է ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականը վարչապետ Տիգրան Սարգսյանին հատկացնելու հնարավորությունը: «Դա, առաջին հերթին, մեծ հարված է հատկապես հնաբնակ ՀՀԿ-ականների համար, որոնք դեռեւս չեն համակերպվել Տ.Սարգսյանի նույնիսկ՝ շարքային ՀՀԿ-ականի կարգավիճակի հետ:

Մյուս կողմից, դա նաեւ տարօրինակ եւ անտրամաբանական է քաղաքական իմաստով, քանի որ, չնայած զբաղեցրած պաշտոնին, Տ. Սարգսյանը գրեթե զրոյական դերակատարություն ունի քաղաքականության մեջ եւ ավելի շատ համապատասխանում է «վարձու վարչապետի» կաղապարին: Եւ չնայած քաղաքական տեսանկյունից նման զարգացումը շատ անհավանական է թվում, սակայն միանգամայն իրական կարող է դառնալ, եթե հաշվի առնենք, թե ինչի շնորհիվ է Տ.Սարգսյանը պաշտոնավարում մինչ այսօր: Նա վարչապետի պաշտոնում նշանակվեց 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, եւ շատերը նույնիսկ կանխատեսում էին, թե ներքաղաքական վիճակի կայունացումից հետո պաշտոնանկ կարվի: Սակայն Տ.Սարգսյանը մինչ օրս վարչապետ է աշխատում՝ առանձնապես ազդեցություն չունենալով իր ղեկավարած կաբինետի անդամներից շատերի վրա: Այսինքն՝«դեկորատիվ պաշտոնյայի» նրա դերակատարությունն իշխանություները արդյունավետ կերպով կարող են օգտագործել նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ նրան հատկացնելով նույնիսկ ԱԺ նախագահի պաշտոնը»,-նկատում է թերթը: