Սեպտեմբերի 11-ին Վլադիկավկազում եւ նրա շրջակայքում տեղի կունենան սեպտեմբերի 9-ի ահաբեկչության 11 զոհերի թաղման արարողությունները: Ընդհանուր առմամբ, Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունին զոհ է գնացել 17 մարդ` չհաշված մահապարտ-ահաբեկիչը: Նրանց շարքում են Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ, որոնց թաղում կկայանա իրենց հայրենիքում:

Ահաբեկչության հետեւանքով տուժել է 160 մարդ, որոնցից 110-ը մինչ օրս գտնվում են հիվանդանոցներում: «Տաք հետքերով» ձերբակալվել է 3 մարդ, այդ թվում պայթեցված մեքենայի սեփականատերը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում խստորեն դատապարտել են տեղի ունեցածը:

Ավելի վաղ,  Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Վլադիկավկազի շուկայում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկը Հայաստանի 34-ամյա քաղաքացի, Գյումրիի բնակիչ Արսեն Էլբակյանն է: Ահաբեկչության արդյունքում զոհվել են նաեւ երկու հայեր, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանցից մեկը 60-ամյա Սերգեյ Գրիգորյանն է: Սակայն, Հյուսիսային Օսիայի հայ համայնքի տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում զոհված հայերի թիվը հասնում է 3-ի, վիրավորներինը՝ 8-ի: