Չորեքշաբթի Ուզբեկստանի Դիզակի շրջանային դատարանը, հարազատների համար անսպասելիորեն, սկսել է հայազգի Արամայիս Ավագյանի եւ նրա ուզբեկստանցի ընկերների դատավարությունը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Ձկնաբուծական բիզնես նախաձեռնած 33-ամյա Արամայիս Ավագյանը խնդիրներ էր ունեցել Դիզակի համայնքապետի հետ: Նա, ըստ հայազգի երիտասարդի ընտանիքի, հրաժարվել էր համայնքապետին հանձնել ձկներով լի ձկնաբուծարանը, երկարատեւ վեճերից հետո 2015 թվականի սեպտեմբերի 4-ին նրան առեւանգել էին: Ավելի ուշ հարազատներն իմացել են, որ 33-ամյա Արամայիս Ավագյանին Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայությունը մեղադրում է իսլամիստական ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ, նրան առաջադրվել են «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու», «սահմանադրական կարգը տապալելու», «գողության» մեղադրանքներ:

Երեկ հայտնի է դարձել նաեւ, որ մեղադրանքների շարքը համալրվել է տարիներ առաջ «ծեծկռտուքի մասնակցելու»՝ դատախազական պնդումներով:

Նախնական դատական նիստն ավարտվել է մեկնարկից շուրջ 40 րոպե անց: Դատարանը ճշտել է մեղադրյալի աթոռին հայտնված հինգ անձանց ինքնությունը եւ դատաքննությունը նշանակել երկուշաբթի: