Գերմանիայում հունվարի 8-ին վաճառքում է հայտնվել Ադոլֆ Հիտլերի «Մայն քամփթ» վերահրատարակված գիրքը: Գիրքը, որը պարունակում է քննադատական մեկնաբանություններ, հրատարակության էր պատրաստել Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը:

Գրքի հրատարակման իրավունքը, որը պատկանում էր Բավարիայի կառավարությանը, սպառվել էր 2015 թ. դեկտեմբերի 31-ին: Ըստ նախագծի ղեկավար, ինստիտուտի գիտական աշխատակից Քրիստիան Հարթմաննի, հրատարակության նպատակն է բացահայտել «Մայն քամփֆը» որպես պատմական կարեւորագույն աղբյուր, նաեւ ժամանակակից հետազոտությունների արդյունքների միջոցով հերքել հեղինակի գաղափարները ու պնդումները:

Գիրքը, որը ստացել է «Հիտլեր. Mein Kampf. Քննադատական հրատարակություն» անվանումը, բաղկացած է երկու հատորից ու պարունակում է ավելի քան 3.5 հազար գիտական մեկնաբանություններ, որոնք պատմում են Հիտլերի կողմից հիշատակված մարդկանց մասին, բացատրում կամ հերքում նրա կեղծ տեսությունները ու փաստեր ներկայացնում նրա քարոզչության, նացիզմի ու ատելության գաղափարախոության դեմ, գրումէ «ՌԻԱ Նովոստին»:

Mein Kampf («Իմ պայքարը») գիրքը գրվել է 1924 թ . Հիտլերն այն գրել է ազատազրկման մեջ: Ստեղծագործությունը համարվում է նացիոնալ սոցիալիզմի հիմքը ու ֆյուրերի օրոք այն հրատարակվել է միլիոնավոր տպաքանակով: Մինչեւ 1945 թ. այն թարգմանվել է 18 լեզուներով եւ վաճառվել ավելի քան 12 մլն նմուշով: