Գրեմմիի մրցանակակիր, բազմաթիվ պլատինե ալբոմների հեղինակ, հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը Ամերիկայի ազգային կոմիտեի եւ Հայկական երիտասարդական ֆեդերացիայի հետ համատեղ նախագահ Օբամային կոչ է անում կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը եւ միջոցներ ձեռնարկել Դարֆուրի ցեղասպանությանը վերջ դնելու համար։ Սեպտեմբերի 10-ից նա սկսել է «Այո', դա Ցեղասպանություն էր» արշավը։
Արշավը, որ անվանվել է սեպտեմբերի 21-ին թողարկվելիք Թանկյանի «Անկատար ներդաշնակություններ» ալբոմում տեղ գտած երգի պատվին, կոչ է անում Թանկյանի երկրպագուներին եւ ցեղասպանության դեմ պայքարող ակտիվիստներին այցելել www.anca.org/yesitsgenocide կայքէջ եւ նախագահ Օբամային անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչով ինտերնետային նամակներ ուղարկել։
«Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք Սերժի հետ»,- հայտարարել է Ամերիկայի ազգային կոմիտեի տնօրեն Արամ Համբարյանը։ «Անխոս, Հայոց ցեղասպանության եւ Դարֆուրի ցեղասպանության նկատմամբ նախագահ Օբամայի գործողությունները շատ հեռու են նրա պարտավորություններից, եւ որ ամենակարեւորն է, ամերիկյան հիմանարար արժեքներից, որոնցով պետք է առաջնորդվի մեր երկիրը»,-ամփոփել է նա։





























