Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը պատմել է կորուսյալ ջունգլիներում հետազոտություն անցկացնելու՝ գիտնականների ծրագրերի մասին: Ենթադրվում է, որ այնտեղ են գտնվում լեգենդար «Կապիկների աստծո քաղաքի» ավերակները:

Հնագույն այս բնակավայրը նաեւ «Ճերմակ քաղաք» անունն ունի, որը հայտնի է անհավանական հարստությամբ: Ժամանակին «Կապիկների աստծո քաղաքի» գանձերը փորձել են գտնել իսպանացի գաղութարարները:

2012 թվականին ամերիկյան հետազոտողները Հոնդուրասի Ռիո Պլատանո արգելոցի անկյուններից մեկի՝ օդից նկարահանված փաստագրական կադրեր էին ներկայացրել: Դրանցում ավերակներ են, որոնք, հնագետների խոսքով, կարող են լեգենդար քաղաք-պետությանը պատկանել:

Անցյալ տարի «National Geographic» ամսագիրը գրել էր, որ հնագետներն արգելոցի խորքում տասնյակ գտածոներ են հայտնաբերել: Նախագահ Էրնանդեսը հայտարարել է, որ հնագիտական արշավախումբն աշխատանքները կսկսի առաջիկա օրերին: