Թուրքիան սովորական դիտորդ չէ կիպրական խնդրի կարգավորման գործընթացքում, ինքն է ստեղծել այդ խնդիրը, ուստի ինքն էլ պարտավոր է իր լուման ներդնել խնդրի լուծման գործում: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է Կիպրոսի ԱԳ նախարար Մարկոս Կիպրիանուն իր հույն գործընկեր Դիմիտրիս Դրուցասի հետ բանակցություններից հետո:

Դրուցասն, իր հերթին, հայտարարել է, որ Անկարան պետք է գործուն աջակցություն ցուցաբերի Կիպրոսում ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք ուղղված են կղզու վերամիավորմանը: Նա հույս է հայտնել, որ սեպտեմբերի 12-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո, Թուրքիան «կցուցաբերի անհրաժեշտ քաղաքական կամք» եւ կպաշտպանի ՄԱԿ-ի հովանու ներքո կղզում ընթացող բանակցությունները:

Հիշեցնենք, որ 1974 թվականին Կիպրոսը Հունաստանին միավորելու կողմնակիցների կողմից Հունաստանում ռազմական հեղաշրջումից հետո, Թուրքիայի զինված ուժերը ներխուժել էին Կիպրոս: Թեեւ դրանից մի քանի օր անց խռովարարները պարտվել էին եւ օրինական իշխանությունը վերականգնվել էր, բայց Անկարան բռնազավթել էր կղզու 37 տոկոսը եւ մինչ օրս այն պահում է իր օկուպացիայի ներքո: 1983 թվականին Կիպրոսի օկուպացված մասը հռչակում է իրեն «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն», որը մինչ օրս ճանաչել է միայն Թուրքիան:

Սեպտեմբերի 8-ին կղզու հունական եւ թուրքական համայնքները մի ամբողջ օր անցկացրեցին բանակցությունների սեղանի շուրջ, քննարկելով սեփականության հարցը, որը կիպրական հիմնախնդրի ամենաբարդ խնդիրներից մեկն է: Կողմերն իրենց ատռաջարկություններն են ներկայացրել այդ խնդրի լուծման վերաբերյալ: