Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառելու որոշումը «հիմար եւ վնասակար» էր, սակայն տնտեսական դժվարությունները նաեւ դրական արդյունք են տվել: Գերմանական Bild-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Գիտեք, Ռուսաստանի բնակչությունը հրաշալի զգում է սրտով եւ հասկանում խելքով, թե ինչ է տեղի ունենում: Նապոլեոնը ժամանակին ասել է, որ արդարությունը Աստծո մարմնավորումն է երկրի վրա: Ղրիմի միացումը Ռուսաստանին արդար որոշում էր»,-ասել է Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը համարում է, որ ՌԴ-ին Ղրիմի միացմանը Արեւմուտքի արձագանքն ուղղված էր ոչ թե ի աջակցություն Ուկրաինայի, այլ «Ռուսաստանի հնարավորությունների աճի զսպմանը»:
«Ինձ թվում է, որ դա պետք չէր անել, հենց դա է գլխավոր սխալը, այլ պետք էր օգտագործել միմյանց հնարավորությունները՝ փոխադարձ աճի, խնդիրների համատեղ լուծման համար, որոնք կանգնած են մեր առջեւ»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Պուտինը ընդունել է պատժամիջոցների բացասական ազդեցությունը ռուսական տնտեսության վրա, մասնավորապես, պետական եւ մասնավոր ընկերությունների՝ արտաքին ֆինանսական շուկաներ դուրս գալու հնարավորությունների սահմանափակման պատճառով: Միաժամանակ նա նշել է, որ առավել մեծ վնասներ բերել են ոչ թե պատժամիջոցները, այլ նավթի գների անկումը:
Պուտինի կարծիքով, դժվարությունները նաեւ դրական արդյունք են բերում: «Երբ նավթի գները բարձր են, մեզ համար շատ դժվար է զսպել մեզ ու չօգտագործել նավթային եկամուտներն ընթացիկ ծախսերի համար: Ու արդյունքում մեզ մոտ նավթագազային դեֆիցիտը բարձրացել էր, իմ կարծիքով, շատ վտանհգավոր աստիճանի: Հիմա մենք ստիպված են իջեցնել այն, եւ դա առողջացնում է»,-ասել է նա:
Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուսական տնտեսությանը վերելք է սպասվում՝ չնայած նախորդ տարի ՀՆԱ-ն նվազել է 3,8 տոկոսով, արդյունաբերությունը նվազել է 3,3 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 12,7 տոկոս: ՌԴ նախագահի խոսքով, Ռուսաստանին հաջողվել է պահպանել արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռը: «Մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ զգալիորեն աճել է բարձր ավելացված արժեքով արտադրանքի արտահանման ծավալը: Սա բացարձակ դրական գործընթաց է տնտեսության ներսում»,-ընդգծել է ՌԴ նախագահը:



























