Բուլղարական «Ստանդարտ» թերթն իմացել է «Հարավային հոսք» գազամուղի նախագծի շուրջ Ռուսաստանի ու Բուլղարիայի միջեւ բանակցությունների մասին: Պարբերականը վկայակոչում է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի շրջապատի երկու աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով, նախագծի շուրջ աշխատանքները կարող են վերսկսվել արդեն մի քանի շաբաթվա ընթացքում: Թերթի աղբյուրները նշում են, որ «Հարավային հոսքի» շուրջ բանակցությունները պայմանավորված են ռուս- թուրքական հարաբերությունների վատացումով ու որպես դրա հետեւանք՝ «Թուրքական հոսք» նախագծից հրաժարվելով, ինչպես նաեւ Չինաստանի տնտեսության դանդաղումով, որը հարցականի տակ է դնում «Սիբիրի ուժը» նախագծի իրականացումը:

Պարբերականի աղբյուրները նաեւ նշում են, որ «Հարավային հոսքը» համապատասխանելու է Եվրամիության երրորդ էներգափաթեթի պահանջներին: Պարբերականը նշում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման ու չինական տնտեսության դանդաղման պայմաններում Եվրոպան մնում է Ռուսաստանի համար ամենակաեւոր ու միակ իրացման շուկան, հայտնում է Gazeta–ն:

Սեպտեմբերի 18-ին Եվրախորհդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի վերաբերյալ Եվրամիության երկրների դիրքորոշումների միասնականությունն ամրապնդելուն, ԵՄ –ին կոչ է արել վերաիմաստավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հրաժարվել ռազմավարական գործընկերության հայեցակարգից ու այս հարցում նոր համաձայնեցված մոտեցում գտնել: Ընդունված բանաձեւում մասնավորապես արտացոլվել է «Հարավային հոսք» գազամուղի նախագծից հրաժարվելը:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսքի» շինարարությունից՝ գազամուղի հարցում Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: «Հարավային հոսքին» փոխարինելու եկավ «Թուրքական հոսքը», որի շուրջ բանակցությունները նույնպես ձգձգվեցին գազի զեղչի հարցում Մոսկվայի ու Անկարայի տարաձայնությունների պատճառով , իսկ ռուսական «Սու 24»-ի հետ միջադեպից հետո նախագիծը սառեցվեց, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Ռուսաստանը սպասում է այս նախագծի իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի դիրքորոշմանը: