Թբիլիսին ցանկանում է փոփոխել «Գազպրոմի» հետ նախկին համաձայնագրերը եւ ռուսական գազը իր տարածքով Հայաստան հասցնելու համար ստանալ գումար, այլ ոչ թե գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։  Այս մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, փոխանցում է «Վզգլյադ»-ը։

«Վրաստանի համար այդ բանակցությունները շատ կարեւոր են»,- ասել է Կալաձեն։ Փոխվարչապետը մարազմ է որակել ընդդիմության այն կասկածները, թե Վրաստանը բանակցություններում զիջումների է գնում «Գազպրոմին»։

Ինչպես ասել է Կախա Կալաձեն, Վրաստանի եւ «Գազպրոմի» տարանցիկ պայմանագիրը ամեն տարի թարմացվում է, սակայն այս անգամ Թբիլիսին ուզում է տրանզիտի ընդհանուր ծավալի 10 տոկոսի դիմաց գումար ստանալ։ Նա նշել է, որ դեռեւս վերջնական համաձայնագիր չկա, եւ խոստացել է հանրությանը տեղյակ պահել , հենց որ Վրաստանն ու «Գազպրոմը» մեկ տարով համաձայնագիր կնքեն։

Վրաստանը մինչ այս ռուսական գազի տրանզիտի ընդհանուր ծավալի 10 տոկոսը պահում էր իր երկրի տարածքում։ Պետությունը գազ է ներկրում Ադրբեջանից, թեպետ Թբիլիսին չի բացառում, որ առեւտրային նպատակներով ապագայում  կարող է պետք գալ ինչպես ռուսական, այնպես էլ իրանական գազը։