Սպիտակ մորթու վրա քթի հատվածում համաչափ մուգ բծերը որոշ կատուների նման են դարձնում հայտնի բռնապետին: Սոցցանցերում նման կատուներին կոչում են    Hitler cats կամ kitlers: Գիտնականները բացատրել են, թե ինչպես է առաջանում նման գունավորումը:

Պտավոր գունավորումը, այդ թվում նաեւ` քթի տակ մուգ բծերը, որոնք Ադոլֆ Հիտլերի բեղերն են հիշեցնում, կատուները ստանում են   kit գենի մուտացիայի արդյունքում, որը տեղի է ունենում դեռեւս արգանդում: Այդ մուտացիան փոփոխում է պիգմենտային բծերի բազմացման արագությունը, ինչի հետեւանքով դրանց քանակը բավարար չի լինում հավասար գունավորման համար եւ մորթի վրա սպիտակ բծեր են մնում: Նման եզրահանգման են եկել Բաթայի եւ Էդինբուրգի համալսարանների  (Մեծ Բրիտանիա) գիտնականները, տեղեկացնում է «Աշխարհի շուրջը»:

Մկների վրա փորձեր անցկացնող գենետիկները մաթեմատիկական մոդել են ստեղծել, որը նկարագրում է արգանդում պտղի ձեւավորման ընթացքում բջիջների շարժումը: Ինչպես պատմել է Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Իեն Ջեքսոնը, նախկինում գիտնականները մտածում էին, որ պիգմենտային բծերն ինչ-որ եղանակով տեղեկություն են ստանում այն մասին, թե իրենք ինչ տեղ պիտի զբաղեցնեն: Սակայն պարզվել է, որ դրանք շարժվում են պատահական կարգով:    Այսպիսով` գենետիկները հերքել են այն տեսությունը, թե կատուները տարօրինակ գունավորումը ստանում են պիգմենտային բջիջների դանդաղ տեղաշարժի հաշվին: 

Հետազոտողները ենթադրում են, որ բջիջների տեղաշարժի իրենց մշակած մոդելը կարող է օգտագործվել նաեւ այլ աշխատանքներում: Օրինակ` այն կարող է օգտակար լինել մարդու այն հիվանդությունների զարգացման ընկալման համար, որոնք կապված են ներարգանդային զարգացման ընթացքում բջիջների պահվածքի հետ: