Ռուսաստանը չի երկարաձգի Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարելու մասին պայմանագիրը այն բանից հետո, երբ Ուկրաինան հրաժարվել է Ղրիմի համար էլեկտրաէներգիա գնել: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնությունը բանակցություններ չի վարում Ռուսաստանից Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումների շուրջ: Այդ պայմանագիրը չենք երկարաձգի, քանի որ ի սկզբանե, այն կապված էր Ուկրաինայից Ղրիմ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի հետ»,-նշել է գերատեսչության ներկայացուցիչը: Թերթի փոխանցմամբ, շարունակում է գործել էրնգահամակարգերի զուգահեռ աշխատանքի մասին պայմանագիրը, ըստ որի վճարվում են վթարային իրավիճակների մատակարարումները, սակայն դրանք, որպես կանոն, մեծ չեն:
Նշենք, որ 2014-ին Ուկրաինան Ռուսաստանի էներգահամակարգից էլեկտրաէներգիա է գնել ռուսական «Ինտեր ՌԱՈ»-ի եւ ուկրաինական «Ուկրինտերէներգո»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, որը գործել է մինչեւ 2015-ի վերջը: Միաժամանակ, պայմանագիր է կնքվել Ուկրաինայի տարածքից Ղրիմ էլեկտրամատակարարման մասին: Պաշտոնապես այն կապված չէ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ արտահանման պայմանագրի հետ, գրում է թերթը:



























