Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Հարավային հոսք» գազամուղի շինարարության նախագծի վերաբերյալ Բուլղարիայի հետ բանակցությունները վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին լրատվամիջոցների տեղեկությունները:

«Այս պահին նման նախագիծ պարզապես չկա: Այն դադարեցվել է: Հետեւաբար, բանակցությունների թեմա էլ չկա»,- մեջբերում է Պեսկովին «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նախօրեին բուլղարական «Ստանդարտ» թերթը գրել էր, որ Ռուսաստանն ու Բուլղարիան նորից սկսել են բանակցել «Հարավային հոսք» գազամուղի նախագծի շուրջ: Պարբերականը վկայակոչում էր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի շրջապատից երկու աղբյուրների, որոնք բանակցությունների վերսկսումը կապակցում էին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վատացման, նաեւ Չինաստանի տնտեսական աճի դանդաղման հետ:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն ու Բուլղարիայի նախարարների խորհուրդը նույնպես հերքել են «Հարավային հոսք» նախագծի աշխատանքների վերսկսման մասին լուրերը: