Ժամանակը գնահատելու ունակությունը ավելի շատ է երջանկության զգացողություն տալիս, քան փողի հետեւից վազելը։ Նման եզրակացության են եկել Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանները։

Նրանց անցկացրած հետազոտություններին մասնակցել է 4600 մարդ։ Հարցումներն անց են կացվել բնակչության կոնկրետ խմբերի շրջանում։

Հոգեբանները խնդրել են պատասխանել հարցին, թե ինչն է ավելի նախընտրելի՝ ավելի թանկ բնակարանը, որը աշխատավայրին մոտ է գտնվում, թե ավելի էժանը, որն ավելի հեռու է։ Ուսանողներին խնդրել են պատասխանել, թե ինչ են նրանք նախընտրում՝ մասնակցել կրթական ծրագրի, որը բարձր վարձատրվող եւ ժամանակ խլող աշխատանք կապահովի, թե այն, որը ավելի թեթեւ զբաղվածությամբ աշխատանք կապահովի եւ կլինի ավելի ցածր աշխատավարձով։

Հարցման արդյունքում պարզվել է, որ մասնակիցներից կեսից ավելին  նախապատվություն է տալիս ժամանակին։

Միաժամանակ ժամանակի անվիճելի արժեքը հատկապես կարեւորել են հարցված տարեց մարդիկ։