2016 թ. փետրվարին Հայաստանը կսկսի Եվրոպայի միացյալ երկնքին միանալու մասին Եվրահանձնաժողովի հետ բանակցությունների եզրափակիչ փուլը: Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտյոմ Մովսեսյանը:
Նրա խոսքով, պահանջների բավականաչափ մեծ ցանկից մնացել է քննարկել միայն 5-6-ը, մնացած բոլորն ամբողջովին կատարված են: Եվրոպայի միայալ ավիացիոն տարածքը համարվում է հորիզոնական համաձայնագիր, այսինքն այն ինքնաբերաբար ուժի մեջ կմտնի թե՛ ամբողջ ԵՄ -ի, թե՛ դրա յուրաքանչյուր երկրի համար: Նշված 5-6 կետերը կարող են վերաբերել ցամաքային սպասարկման տեխնիկական հարցերին կամ էլ որոշ աէրոնավիգացիոն սարքերի առկայությանը: Ընդ որում դե ֆակտո պահանջները արդեն կարող են բավարարված լինել, ու ԵՄ չինովնիկներին կմնա միայն համոզվել դրանում:
Ինչպես պարզաբանել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարը, համաձայնագիրը պետք է կարգավորի ավիացիոն անվտանգության, թռիչքների սպասարկման հարցերը ու վերջապես առեւտրային կողմը՝ թռիչքների վերաբերյալ փոխադարձ իրավունքները: Առաջին կետով Հայաստանը գրեթե պատրաստ է, քանի որ ամեն տարի ապահովում է համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի եվրոպական համաժողովի N30 փաստաթղթին:
Համաձայնագրի արդյունքում հայկական ընկերությունները կկարողանան եվրոպական շուկայում առանց սահմանափակումների աշխատել: «Հիմա եվրոպական պետությունների հետ համաձայնագրերում մենք սահմանափակումներ ունենք՝ թե որ ընկերությունները կարող են փոխադարձ թռիչքներ կազմակերպել, ինչ հաճախությամբ ու դեպի որ կետերը: Իսկ միացյալ շուկային միանալը ենթադրում է ազատական շուկա: Եթե մեր ընկերությունները պահպանեն տվյալ եվրոպական երկրի թռիչքների անվտանգության նորմերը, նրանք կկարողանան թռչել՝ ուր եւ որքան ուզում են: Ոչ ոք նրանց չի ասի, որ ասենք շաբաթական երկու անգամից հաճախ չի կարելի թռչել: Ընկեւություններն անարգել կկառուցեն իրենց բիզնեսը»,- ամփոփեց Մովսեսյանը:




























