Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ» («Իմ պայքարը») գրքի նոր հրատարակությունն ամբողջությամբ գնել են՝ մինչեւ հունվարի 8-ի պաշտոնական վաճառքի մեկնարկը: Մյունխենի Ժամանակակից պատմության ինստիտուտի տեղեկացմամբ, այդ պատճառով գրքի տպաքանակն ավելանալու է:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, գրքի տպագրության իրավունքի ժամկետը, որը պատկանում էր Բավարիայի կառավարությանը, լրացել է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին:

Նոր հրատարակությունը կազմված է երկու հատորից եւ, հրատարակիչների հավաստմամբ, ներառում է բնօրինակի վերաբերյալ ավելի քան 3.500 գիտական մեկնաբանություն, որոնք պատմում են Հիտլերի հիշատակած մարդկանց մասին, բացատրում եւ հերքում են նրա կեղծ տեսություններն ու փաստեր ներկայացնում նրա քարոզչության, նացիզմի գաղափարախոսության եւ ատելության դեմ:

Հիլտերը «Մայն Կամպֆը» գրել է 1924 թվականին, բանտարկության ժամանակ: Այն համարվում է ազգայնական-սոցիալիզմի գաղափարական հիմքը եւ ֆյուրերի կենդանության օրոք հրատարակվել է միլիոնավոր օրինակով: Մինչեւ 1945 թվականը «Մայն Կամպֆը» թարգանվել է 18 լեզուներով: Գրքի ավելի քան 12 մլն օրինակ է վաճառվել: