Սեուլի համալսարանի կորեացի գիտնականները փորձել են հաստատել այն տեսությունը, որը պնդում է, թե մարդկանց արտաքին տեսքն ու հիվանդությունները կախված են քնի ռեժիմից։ Նրանք ուսումնասիրել են 47-59 տարեկան 1.6 հազար կամավորների, որոնց բաժանել են 3 խմբի՝ կախված նրանց քնի ռեժիմից։ «Բվերի» խմբում են հայտնվել ուշ քնող եւ ուշ արթնացող մարդիկ, «արտույտների» խմբում են եղել շուտ քնող եւ վաղ զարթնող մարդիկ, իսկ երրորդ խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր քնի որեւէ նախընտրելի ռեժիմ չունեն, փոխանցում է Informing-ը։

Պարզվել է, որ «բվերը» հաճախ տառապում են շաքարախտով։ Նրանք նաեւ  մկանային զանգված կորցնելու՝ սարկոպենիայի հակում ունեն։ Թեպետ բվերը հաճախ սխալ կենսակերպ են վարում, արտաքինից նրանք «արտույտներից» ավելի լավ տեսք են ունենում։

Իսկ ահա կին «արտույտների» մոտ հաճախ խանգարվում է նյութափոխանակության գործընթացը։  Նրանք նաեւ սրտանոթային հիվանդությունների հակում ունեն։

Հետազոտության արդյունքները չեն արդարացրել նախնական կանխատեսումները։ Այդ պատճառով գիտնականները որոշել են շարունակել հետագա ուսումնասիրությունները։

Նշենք, որ մարդու քրոնոտիպը դրված է գենետիկ մակարդակում։ Այդ իսկ պատճառով քնի ռեժիմը փոփոխելու միջոցով այդ քրոնոտիպը փոխել հնարավոր չէ։