Eurotunnel ընկերությունը, որը Ֆրանսիայի ու Անգլիայի միջեւ գտնվող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի օպերատորն է, որոշում է կայացրել ջրի տակ խորտակել Ֆրանսիայի հյուսիսում թունելին հարակից տարածքները, որպեսզի կանխի Մեծ Բրիտանիա հասնելու նպատակով թունել թափանցելու փախստականների փորձերը:
Դրա համար օգտագործվել է այն դրենաժային համակարգը, որը ստեղծվել էր թունելի շինարարության ժամանակ, որի մուտքը ճահճուտ տեղանքում է, պատմել է ընկերության ներկայացուցիչը La Voix Du Nord թերթին:
Նրա խոսքով, դրենաժային համակարգի օգնությամբ ստեղծվել են բնական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են թունելի շուրջ կառուցված պատնեշին մոտենալը: Թերթի տվյալներով այս պահին թունելի մուտքի մոտ կարելի է տեսնել երկու ոչ խորը լճեր, որոնց ստեղծման համար ինժեներները ստիպված են եղել նախապես մաքրել ավելի քան 100 հա հողատարածք: Այս տարածքից մաքրվել է ամբողջ բուսականությունը:
Eurotunnel -ի ղեկավարությունը նման քայլերի է դիմել թունելը անկոչ հյուրերից պաշտպանելու նպատակով: 2015 թ. ամռանը ֆրանսիական Կալե քաղաքում հավաքված միգրանտները թունելը գրոհելու փորձ էին արել: Դրան մասնակցել էր մի քանի հարյուր մարդ: Փախստականներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, հիշեցնում է The Local-ը:
2015թ. դեկտեմբերին միգրանտները թունելի վրա գրոհելու նոր փորձ էին ձեռնարկել: Այդ ժամանակ իրավապահները ստիպված էին անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցնել դեպի թունել տանող «Ա16» մայրուղու երթեւեկությունը, հայտնում է NEWSru –ն:
Վերջին միգրանտը, ում հաջողվել էր հաղթահարել թունելը ու Մեծ Բրիտանիա հասնել, 40 ամյա սուդանցի Աբդուլ Ռախման Գարունն էր, որը Լա Մանշի տակով անցնող ճանապարհը կտրել անցել էր 2015 թ. օգոստոսին: Դրանից հետո Միացյալ թագավորության իշխանությունները նրան ապաստան էին տրամադրել:
Բայց թունելի միջով Անգլիա հասնել ձգտող մյուս միգրանտների նկատմամբ ճակատագիրն այդքան գթասիրտ չի եղել: Անցած տարվա հուլիսից սկսած՝ գրանցվել է 15 միգրանտների մահվան դեպք, որոնք փորձել էին թունելի միջով Մշուշոտ Ալբիոն հասնել:



























