Չարությունը եւ այլ բացասական հույզերը մարդկային օրգանիզմի արձագանքն են քաղցի զգացմանը: Այդ տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս նյարդային բջիջների որոշակի աշխատանքի հետեւանքով:
Տվյալ մեխանիզմի հիմնական խնդիրն է` գործի դնել այնպիսի պահվածք, որն ուղղված է սննդի փնտրտուքին եւ ընդունմանը` վերացնելու օրգանիզմի էներգիայի պակասը: Նման եզրակացության են հանգել Հովարդ Հյուզի Բժշկական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները, որոնք հետազոտել են քաղցած մարդկանց մոտ չարացածության երեւույթը:
Ֆիզիոլոգների խումբը փորձարկումներ է կատարել մկների վրա: Կրծողներին պարբերաբար քաղցած են թողել եւ նրանց ուղեղի մեջ ներդրված սարքի միջոցով հետեւել են, թե ենթատեսաթմբի նեյրոններն ինչպես են արձագանքում այդ վիճակին, տեղեկացնում է «Աշխարհի շուրջը»:
Պարզվել է, որ նեյրոններն անփոփոխ կերպով ակտիվացել են քաղցած մկների մոտ: Ընդ որում նրանց ակտիվությունը նվազել է ոչ այն ժամանակ, երբ մկները սկսել են ուտել, այլ երբ նրանց սնունդ են ցույց տվել: Հետազոտողները փորձել են սնունդ հիշեցնող իրեր ցույց տալ: Հետաքրքիր է, որ նման փորձարկումներում նեյրոնների ակտիվությունը նվազել եւ վերականգնվել է այն պահին, երբ կրծողները հայտնաբերել են խաբեությունը: Այդ նյարդային բջիջների աշխատանքի արագությունը բժիշկներին հնարավորություն է տվել եզրակացնել, որ նեյրոններն ուղեղին հենց տհաճ ազդանշաններ են ուղարկում` քաղցած արարածին անհրաժեշտ գործողությունների դրդելով:
Հետազոտողներն այսպես են բացատրում տվյալ երեւույթի ի հայտ գալը. սնունդ ընդունելիս բավարարությունը եւ քաղցի զգացմանն ուղեկցող անհարմարության ու չարության զգացումը հեռավոր նախնիների ժառանգությունն են: Հենց այդ զգացողություններն են ապահովել կենդանիների գոյատեւումը` նրանց դրդելով որսի եւ կանոնավոր սննդի: Ժամանակակից հասարակությունում հնագույն մեխանիզմն այլեւս անհրաժեշտ չէ ու նույնիսկ վնասում է իրենց քաշը վերահսկել փորձող մարդկանց` հանգեցնելով ճարպակալման, սրտի եւ շաքարախտի խնդիրների առաջացման այն հասարակությունում, որի համար սնունդը դադարել է գոյատեւման միջոց լինել:
Ավելի վաղ ամերիկացի հետազոտողների մեկ այլ խումբ սովորել էր լաբորատոր մկների մոտ վերահսկել նեյրոնային ցանցը, որը պատասխանատու է հագեցածության զգացման համար: Որոշակի նյարդային բջիջներ ակտիվացնելով` նրանք հասել էին այն բանին, որ նույնիսկ քաղցած կրծողները չէին վերցնում իրենց առաջարկվող սնունդը: Գիտնականները հույս ունեն, որ ժամանակի հետ կկարողանան մարդկանց մոտ «անջատել» քաղցի զգացումը:



























