Կծու հեգնական արտահայտություններն ընկալելու կարողությունը մարդկանց մոտ նկատելիորեն նվազում է   65 տարեկանից հետո: Նման խոսքերը սկսում են ընկալվել բառացիորեն, ապացուցել են Շոտլանդիայի Աբերդինյան համալսարանի   գիտնականները:

Հոգեբանները 18 –ից 86 տարեկան 116 տղամարդու եւ կնոջ մասնակցությամբ փորձարկումներ են կատարել: Փորձարկվողներին խնդրել են պատմությունների մի շարք կարդալ կամ էլ մի քանի տեսանյութ դիտել, որոնցում ընկերների կամ ամուսինների միջեւ առօրյա երկխոսություններ են եղել: Այդ պատմությունների եւ տեսանյութերի մի մասը տեսարանի մասնակիցներից մեկի կողմից կծու հեգնական արտահայտություններ են պարունակել: Օրինակ` մարդը, որին  դուր չի եկել պիեսը, ասել է, որ այն ֆանտաստիկ է: Փորձարկման վերջում գիտնականները փորձարկվողներին հարցեր են տվել կարդացածի եւ տեսածի մասին, տեղեկացնում է  «Աշխարհի շուրջը»:

Ստացված տվյալները վերլուծելով` հետազոտողները պարզել են, որ տարեց մարդիկ`  65 տարեկանից սկսած ավելի քիչ են ընկալում երկխոսություններում պարունակվող հեգնական արտահայտությունները: Միաժամանակ տվյալ երեւույթը չի կարելի բացատրել, օրինակ, տարեցների մոտ հիշողության խնդիրներով   (հոգեբանները թեստերի միջոցով նախապես պարզել են դրանց բացակայությունը):

Համանման իրավիճակ է դիտարկվել նաեւ շատ երիտասարդ փորձարկվողների մոտ: Կծու հեգնանքն ընկալելու նրանց անկարողությունը վերագրել են անբավարար կենսափորձին: Ընդ որում երիտասարդներից տարեցներին տարբերում էր մարդկանց դեմքի արտահայտության միջոցով փոխանցվող   հույզերը ճանաչելու հմտության նվազումը: 

Հետազոտության հեղինակ Լուիզա Ֆիլիպսը նշում է, որ կծու հեգնանքին համարժեք արձագանքելու  կարողությունը կարող է ազդել շրջապառող աշխարհի հետ ծերացող մարդու հարաբերությունների վրա: Պրոֆեսորի կարծիքով, այդ ազդեցությունը դրական է, որովհետեւ դրական մարդը շփման մեջ ավելի լավ է ընկերական կապեր հաստատում, որոնք այնքան անհրաժեշտ են նրան առաջացած տարիքում: 

Հայտնի է, որ տարիքի հետ մարդկանց ինքնազգացողության մեջ նաեւ այլ փոփոխություններ են լինում: Այսպես` որքան ավելի տարիքով է մարդը, այնքան իրեն երջանիկ է զգում եւ ավելի քիչ է նախանձում շրջապատին: