Մարդկությունը դարձել է այն երկրաբանական ուժը, որը կարող է կանգնեցնել հաջորդ սառցե դարաշրջանի գալուստը։ Նման եզրակացության են եկել Nature ամսագրում հրապարակած հոդվածը հեղինակած գիտնականները։
Պոտսդամի ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ մթնոլորտում արեւային ճառագայթման եւ CO2-ի խտության հարաբերակցությունը հիմնական չափանիշն է, որը թույլ է տալիս բացատրել Երկիր մոլորակի վրա սառցե դարաշրջանների 8 ցիկլերը։ «Անգամ մարդու սահմանափակ միջամտությունը մոլորակի ածխածնի բնական բալանսին հարյուր հազար տարով հետաձգում է հաջորդ սառցե դարաշրջանի վրա հասնելու պահը»,- պնդում են գիտնականները։
Կլիմայագետները, կառուցելով Երկիր մոլորակի կլիմայի մոդելը, որը հաշվի է առնում մթնոլորտային, ծովի եւ սառույցի գործոնները, ինչպես նաեւ ածխածնի գլոբալ ցիկլը, հաշվել են հյուսիսային կիսագնդում CO2-ի արտանետումները։ Ածխածնի երկօքսիդի փոքր արտանետումներն անգամ տասնյակ հազարավոր տարիների կտրվածքով կազդեն սառցե վահանների ճակատագրի վրա, հայտնում է Lenta-ն։



























