Եվրամիության իշխանությունները հրապարակել են 4 հազար ավիափոխադրողների մի ցանկ, որոնք պետք է մինչեւ 2012թ. կրճատեն ածխաթթու գազի արտանետումները, այլապես կզրկվեն Եվրոպայի տարածքով թռչելու եւ եվրոպական օդանավակայաններում վայրէջք կատարելու իրավունքից: Եվրամիությունն այդ ընկերություններին առաջարկել է մինչեւ 2010թ. հունվարի 1-ը ինքնաթիռների արտանետումների մոնիտորինգ անցկացնել: Նման կարգ պարտադրող օրենքը Եվրոպայում ընդունվել է 2009թ. հունվարին:

Այդ ցանկում է հայտնվել նաեւ հայկական «Արմավիա» ընկերությունը: Ի դեպ, որոշ լրատվամիջոցներ որպես ցանկում հայտնված հայկական ընկերություններ նշել էին «Mil Armenia» եւ «Blue Airways» ընկերությունների անունները:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտողաւր Նելլի Չերչինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ «Mil Armenia» եւ «Blue Airways» ընկերությունները հայաստանյան գրանցում չունեն եւ հայկական ավիափոխադրողներ չեն: Իսկ «Արմավիայի» մասով էլ հերքեց Եվրամիությանը: ""Արմավիան" բոլոր միջազգային չափանիշներին համապատասխանում է: Մեզ մոտ չկա ավիաընկերություն, որը աղտոտվածության հետ կապված խնդիրներ ունի:Այդ տվյալները չեն համապաստախանում իրականությանը",- նշեց մամուլի քարտուղարը:

«Արմավիա» ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ԵՄ-ի տարածած ցանկը միջազգային պահանջ է, որ վերաբերում է բոլոր ավիափոխադրողներին: «Զգուշացում է, որ նվազեցնեն գազերի արտանետումները: Եւ ոչ մի ավիաընկերություն էլ խնդիր չի ունենա, եթե ապահովի արտանետումների նվազագույն մակարդակը»,- ասացին «Արմավիայից»:

ԵՄ-ի վտանգավոր ավիափոխադրողների ցանկում են նաեւ ռուսաստանյան մոտ 100 ընկերություններ, այդ թվում՝ ռուսաստանյան խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը: ԵՄ-ն չի մոռացել ցանկում ընդգրկել անգամ ամերիկյան եւ եվրոպական հսկաներին՝ գերմանական «Լյուֆթհանզային», իտալական «Alitalia»-ին, իսպանական «Quantas»-ին եւ ֆրանս-նիդեռլանդական «KLM»-ին եւ այլ ավիափոխադրողների: