Սիրիայի պատերազմի պատճառով 3 տարի առաջ Հալեպ քաղաքից ընտանիքի հետ Հայաստան եկած 70-ամյա Մարի Խնգիկյանը սարսափով է հիշում` ինչպես է պատերազմի օրերին Հայաստան հասել: NEWS.am-ի հետ զրույցում Մարի Խնգիկյանը պատմեց, որ մինչեւ Սիրիայում պատերազմի սկսվելը ընտանիքի հետ Հայաստան է եկել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, հենց այդ ընթացքում էլ պատերազմն սկսվել է: Սակայն տիկին Մարին եւ նրա ամուսինը որոշում են Հալեպ վերադառնալ: 2012թ. սեպտեմբերի 11-ին նրանք վերադառնում են Սիրիա: Ինքնաթիռի 100 ուղեւորները օդանավակայանից մեքենաներով շարժվում են դեպի Հալեպ, որի ժամանակ էլ մեքենաների վրա սկսում են կրակել. զոհվում է 6 մարդ, իսկ տիկին Մարիի ամուսինը վիրավորվում է:

Տիկին Մարին հիշում է` երեկոյան ժամը 20–ի մոտ, երբ իրենց մեքենաների վրա դեռ շարունակում էին կրակել, մի անծանոթ արաբի օգնությամբ կրակոցներից ծակծկված մեքենաներից հազիվ են կարողանում դուրս բերել զոհվածների մարմինները, վիրավորներին, հասցնել հիվանդանոց եւ իրենք մի կերպ հասնում են Հալեպ` իրենց տուն: Դեպքից որոշ ժամանակ անց Խնգիկյան ամուսինները Հայաստանի իշխանությունների օգնությամբ կարողացել են վերադառնալ Հայաստան:

Արդեն 3 տարի է Երեւանում բնակվող ընտանիքը Սիրիայում իրավիճակը կարգավորվելուց հետո էլ չի պատրաստվում վերադառնալ Հալեպ, տիկին Մարիի խոսքով, այստեղ իրենք հայրենիքոմ են, ապահով, քրիստոնյաների կողքին: Տիկին Մարիի 2 դուստրը բժշկուհիներ են, տղան` ինժեներ, բոլորն ունեն աշխատանք: 70-ամյա կնոջ խոսքով, իր զավակները  Երեւանում իրենց ավելի ազատ ու ապահով են զգում, արդեն սովորել են միջավայրին եւ շարունակելու են աշխատել ու ապրել այստեղ:

«Ապահովություն կա, պիտի գոյատեւենք հոս: Ճիշտ է`Սիրիայում երբեք մենք չենք զգացած, որ մուսուլմանների հետ ենք ապրում, որովհետեւ մենք մեր շրջապատը ունեինք, արաբների հետ կապ չունեինք: Արաբները մեր կեցվածքին համար մեզ շատ-շատ կհարգեին: Ամեն մարդ ուներ իր սեփական տունը, ավտոները, բայց իսկական բնակարան չուներ, հիմա իսկական մեր հողի վրա բնակարաններ ունեցանք»,-ասաց տիկին Մարին: 

 Մարի Խնգիկյանը հիշում է, որ Հալեպում կանայք հիմնականում չէին աշխատում, ընտանիքում աշխատում էր տան տղամարդը եւ ապահովում կնոջ բարեկեցությունը։ 70-ամյա կնոջ համար տարօրինակ է, որ այստեղ կանայք էլ են աշխատում, տուն պահում:

«Կիներս չէինք աշխատում, ընտանիքում մեկ հոգի կաշխատեր եւ կին կպահեր: Հոն մենք շատ բարգավաճ կյանք մը ունեինք, բայց բոլորը ձգելով հոս եկանք: Հոս էլ մեր հայրենի հողին վրա ենք, չենք դժգոհում, մեզի բավական օգտակար եղած են»,-ասաց տիկին Մարին:

Տիկին Մարին հավատում է, որ շուտով իր ծննդավայր Սիրիայում իրավիճակը կկարգավորվի, պատերազմը կդադարի, պետությունը կրկին կսկսի զարգանալ եւ ինքն ու իր ընտանիքի անդամները որպես զբոսաշրջիկ կգնան իրենց սիրելի Հալեպը տեսնելու, կկարողանան գոնե մեկ անգամ եւս Հալեպի իրենց թաղամասում լինել, իրենց  տունը տեսնել: