Նավթի գների անկումը 2015թ. հանգեցրել է արեւային եւ հողմային էներգետիկայի ոլորտում 329.3 մլրդ դոլարի չափով ռեկորդային ներդրումների, հայտնում է Bloomberg-ը։ Դա 4 տոկոսով ավելի է, քան 2014թ.։ Արեւային եւ հողմային էներգիայի սարքավորումների գները 2015թ. նվազել են։
Մյուս կողմից, մտահոգությունները, որ նավթի գները 2016թ. ցածր են մնալու, հանգեցրել է նավթի հանքահանման նախագծերում 380 մլրդ դոլարի չափով ներդրումների դադարեցմանը։ Նավթային ընկերությունները անցում են կատարում գոյատեւման ռեժիմի, ասում է Wood Mackenzie Ltd-ի ներկայացրած վերլուծության հեղինակներից մեկը։
Վերականգնվող էներգիայի խոշորագույն շուկան Չինաստանն է, որը ներդրումները մեծացրել է 17 տոկոսով՝ մինչեւ 110.5 մլրդ դոլար։ Դա կրկնակի շատ է, քան ԱՄՆ-ում (56 մլրդ դոլար)։ Հնդկաստանում ներդրումներն աճել են 23 տոկոսով՝ 10.9 մլրդ դոլար։
Ավելի շատ ծախսում են նաեւ տների տանիքներում տեղադրված արեւային վահանակների համար։ Մեկ տարում այդ սարքերի ներդրումներն աճել են 12 տոկոսով եւ կազմել 67.4 մլրդ դոլար։ Հատկապես ակտիվ է եղել Ճապոնիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան։



























