Ռեստորանում պատուհանի մոտ տեղ ունենալը կախված է ձեր տեսքից: Այսպիսի եզրահանգման է եկել բրիտանացի լրագրող Ադամ Փիրսոնը, որի դեմքի մաշկը, հազվագյուտ հիվանդության պատճառով, բշտիկներով է պատված: Նա հաճախ է բախվում իրավիճակի, երբ ռեստորանի անձնակազմը նրան ուղեկցում է հաստատության սրահի ամենահեռավոր անկյուն կամ ընդհանրապես հրաժարվում է սպասարկել՝ պատճառաբանելով, թե ազատ տեղ չունեն:

Ըստ Kedem-ի, համոզվելու համար, որ խնդիրն իսկապես իր արտաքինի մեջ է, նա մոդելային արտաքինով չորս երիտասարդի է վարձել եւ նրանց հետ Լոնդոնում 3 թանկարժեք ռեստորան այցելել: Երիտասարդներին միշտ պատուհանի մոտ լավագույն տեղերն են բաժին հասել, իսկ Ադամը ստիպված է եղել ճաշել հեռավոր անկյունում կամ ընդհանրապես հեռանալ ռեստորանից:

Իրավիճակը մեկնաբանել է լոնդոնյան ռեստորանատեր Սայմոն Ռիմմերը՝ հաստատելով, որ բազմաթիվ հաստատություններ, այսպես կոչված, «ոսկե սեղան» ունեն գրավիչ հյուրերի համար, որը լավ է երեւում փողոցից: Դա օգնում է ավելի շատ հաճախորդների գրավել: