Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկն է:
Կողմերն ընգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը եւ քննարկեցին պլանավորված ռազմական համագործակցության միջոցառումների իրականացումը:
Թինա Քեյդենաուն կարեւորել է Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, եւ հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները:
Ընդգծվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարեւորվել է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես կարեւոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար:





























