Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը մտադիր է հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել Եվրոպան Իրանի ատոմային հարվածից պաշտպանելու համար, եւ մտադիր է այդ աշխատանքներին «անպայման ներգավել Ռուսաստանին»: Այդ մասին բրիտանական The Sunday Telegraph թերթին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը:
«Հենվելով իրանցիների հրապարակային հայտարարությունների վրա, մենք գիտենք, որ Իրանն արդեն հեռահար հրթիռներ է ստեղծել, որոնք կարող են խոցել Եվրոպան (օրինակ՝ Թուրքիան եւ Հունաստան), եւ նրանք չեն թաքցնում, որ ցանկանում են զարգացնել իրենց հնարավորությունները: Եթե Իրանը վերջնարդյունքում ստանա ատոմային զենք, դա լուրջ վտանգ կներկայացնի Դաշինքի երկրների համար»,- ասել է Ռասմուսենը:
Նրա կարծիքով, Իրանի ատոմային հարվածից ՆԱՏՕ-ի հակահրթիռային վահանի մշակմանը պետք է ներգրավել Ռուսաստանին: «Ռուսական կողմի հետ միասին մենք իսկապես ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգ կստեղծենք»,- ասել է նա:
Ըստ Ռասմուսենի, առայժմ որեւէ որոշում չի կայացվել, բայց առաջիկայում խորհրդակցություններ կլինեն Ռուսաստանի հետ, եւ դրական արդյունքի դեպքում, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի լարված հարաբերություններին վերջ կդրվի:
ՆԱՏՕ-ի քարտուղարը նշել է, թե ԱՄՆ-ն արդեն հավանություն է տվել նման հրթիռային վահանի ստեղծման գաղափարին, որը կարող է փրկել 900 մլն մարդու կյանք: Նախնական հաշվարկներով դա կարժենա 200 մլն եվրո:





























