Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ հավաքականը չորրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Օլիմպիական խաղերի 13-ակի չեմպիոնը աշխարհի առաջնություններին միշտ էլ իմիջիայլոց է վերաբերվել: Ամեն դեպքում, բասկետբոլը ֆուտբոլ է չէ, եւ այստեղ բարձրագույն տիտղոսը ոչ թե աշխարհի չեմպիոնի կոչումն է այլ` Օլիմպիական ոսկին: Այս անգամ էլ ամերիկացիները աշխարհի առաջնության էին եկել գրեթե երիտասարդական կազմով: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ամենավառ աստղերից Քեւին Դյուրանտն էր ընդգրկվել թիմում եւ հենց նա էլ դարձավ առաջնության ամենաարժեքավոր խաղացողը: Եզրափակիչում Թուրքիայի հավաքականին ամերիկացիները հաղթեցին 81:64 հաշվով: Դյուրանտը վաստակեց 28 միավոր: Իսկ թուրքերը բոլոր հույզերը թողել էին սերբերի հետ կիսաեզրափակիչում, որը հաղթեցին մեկ միավորի առավելությամբ:

Աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը Թուրքիան նվաճեց առաջին անգամ: Եթե լիներ սերբերի հետ հանդիպման մարտական տրամադրվածությունը`գուցե եւ ստացվեր պայքար ԱՄՆ-ի հետ, բայց ամերիկացիներին հաղթել հնարավոր է միայն մի դեպքում, եթե դա թույլ են տալիս ամերիկացիները: Այս անգամ ԱՄՆ-ը մեծ նշանակություն էր տվել աշխարհի առաջնությանը եւ բոլոր հանդիպումներն անցկացրեց անթերի:    

180 երկրների մոտ մեկ միլիարդ հեռուստադիտող հետեւեց այս առաջնության ընթացքին: Առաջին անգամ Թուրքիայում անցկացված աշխարհի առաջնությունը միջազգային ֆեդերացիան Ճանաչեց ամենահաջողվածը:

Եզրափակիչ

Թուրքիա — ԱՄՆ — 64:81 (17:22, 15:20, 16:19, 16:20)

Թուրքիա: Թուրքօղլու (16), Էրդեն (9), Իլյասովա (7), Օնան (7), Թունչերի (7)

ԱՄՆ: Դյուրանտ (28), Օդոմ (15), Ուեստբրուկ (13), Ռոուզ (8)

12 սեպտեմբերի. Ստամբուլ. Sinan Erdem Dome. 15 000 հանդիսական: