ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականների թիմը մաթեմատիկական մոդել է մշակել, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչու են որոշ մարդիկ համաձայնում օգնել դիմացինին, իսկ մյուսները՝ ոչ: Գիտնականների հետազոտության մասին պատմում է The Daily Mail-ը:
Մոդելը մշակվել է խաղերի էվոլյուցիոն տեսության եւ վարքագծային տնտեսության հիման վրա:
Կամավորներին առաջարկել են համագործակցել այս կամ այն մարդու հետ: Որոշները գործել են բնազդաբար եւ պատասխանել են առանց մտածելու: Մյուսներն, ընդհակառակը, մանրամասն կշռադատել են, հաշվարկել իրենց համար առավելագույնս շահութաբեր իրավիճակները եւ օգուտի բացակայության պարագայում հրաժարվել են համագործակցելուց:
Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ բնազդներին վստահող մարդը չի կարող եսասեր լինել: Իրական կյանքում նման մարդիկ շատ ընկերներ ունեն եւ երբեք չեն մերժում օգնության խնդրանքը: Իսկ նրանք, ովքեր կշռադատում են յուրաքանչյուր քայլը, եսասեր են եւ չեն օգնում դիմացինին, մինչեւ սեփական շահ չունենան, փոխանցում է Informing-ը:



























