Ստամբուլին հարակից Քնալը կղզում Հրանտ Դինքի անունով վերանվանված մանկական զբոսայգու վերաբացմանը մասնակցել է Դինքի այրին՝ Ռաքել Դինքը:

Բացի նրանից, բացմանը մասնակցել են Ստամբուլին հարակից կղզիների վարչական շրջանի ղեկավար Մուսթաֆա Ֆարսաքօղլուն, կղզիների  վարչական խորհուրդի անդամ Րաֆֆի Հերմոն Արաքսը,  հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն եւ այլք։ Նշենք, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Մուսթաֆա Ֆարսաքօղլուն, վարչական խորհրդում, իշխող կուսակցության անդամների աջակցությամբ, ընդունել էր որոշում, որով  Քնալը կղզու մանկական զբոսայգին վերանվանվել է Հրանտ Դինքի անունով։  Հենց Մուսթաֆա Ֆարսաքօղլուին է պատկանում Ստամբուլի որոշ փողոցներ եւ թաղամասեր, Հրանտ Դինքի անունով կոչելու միտքը։

Կղզիների վարչական ղեկավարը նշել է, թե Հրանտ Դինքին վաղուց էր ճանաչում եւ հավելել. «Նա շատ լավ լրագրող էր եւ հայրենասեր։ Նրա հետ պատահած ողբերգական դեպքից հետո մեր կղզիների բնակիչները խոր վշտի մեջ էին։ Դինքը սիրում էր երեխաներին։ Նա լցված էր մարդկանց նկատմամբ սիրով։  Եթե երեխաները տեսնեն նրա անունը զբոսայգու վրա, շատ կուրախանան»։