Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված պատարագը, որը մատուցվելու է առանց եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու, սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ հայ հավատացյալների համար: Շատերը, ովքեր մինչ այդ որոշել էին բաց չթողնել պատմական իրադարձությանը մասնակցելու առիթը, հիասթափված հետ են կանգնել իրենց այդ որոշումից: Դրան նպաստեց նաեւ հասարակական-քաղաքական գործիչների կողմից տարվող հակաքարոզչությունը, ովքեր հորդորում էին եւ շարունակում են հորդորել բոյկոտել «թուրքական իշխանությունների կազմակերպած շոուն» եւ «թույլ չտալ ծաղրել մեր հոգեւոր ինքնությունը»: Ակտիվ հակաքարզչություն է իրականացվում նաեւ հայկական լոբբիստական կառույցների կողմից, որոնք փորձում են թատերականացված պատարագին մասնակցելու որոշումից զերծ պահել նաեւ սփյուռքահայությանը:
NEWS.am-ը փորձեց հետաքննություն իրականացնել՝ պարզելու, թե, արդյոք, հայաստանյան տուրիստական գործակալությունները կազմակերպո՞ւմ են շրջագայություն դեպի Աղթամար:
Զանգահարեցինք մի քանի գործակալություն, որոնք կազմակերպում են դեպի Արեւմտյան Հայաստան շրջագայություններ եւ ուշագրավ բացահայտում արեցինք: Պարզվեց, որ մի շարք գործակալություններ տարբեր պատճառներով դադարեցրել են իրենց տուրերը դեպի Վան եւ Արեւմտյան Հայաստանի այլ քաղաքներ: Նրանց նշած պատճառներ մեջ Աղթամար եկեղեցու շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներն են: Ի դեպ, այդ գործակալություններից մեկի ղեկավարը, որի անունը չենք հրապարակում, NEWS.am-ի թղթակցին հայտնեց. «Սկզբունքորեն եմ չեղյալ հայտարարել այդ ուղղությամբ տուրերը, քանի որ ինձ համար հայրենասիրական, ազգային ու հոգեւոր մղումներն ավելի կարեւոր են, քան բիզնես շահը: Թուրքական իշխանությունների արած վատությանը պետք է պատասխանել նրանց կազմակերպած միջոցառումներն արհամարհելով, որքան էլ այդ միջոցառումը առնչվում է մեր մշակութային ժառանգության նմուշներից մեկին»: (Հարկ է նշել, որ հայկական տուրիստական գործակալություններից մի քանիսն էլ այս տարի՝ ամառային արձակուրդների սեզոնին ընդառաջ, չեղյալ էին հայտարարել դեպի Թուրքիա շրջագայություններ կազմակերպելը):
Հետաքննության արդյունքում պարզեցինք նաեւ, որ չնայած իջեցված հրահանգին, որոշ տուրիստական գործակալություններ, այնուամենայնիվ, դեպի Վան ուղեւորություն իրականացնում են: Սակայն մտավախություն ունեն, որ անհրաժեշտ թվով ուղեւոր չեն կարող հավաքել՝ շրջագայությունը կազմակերպելու համար: Դրանցից մի քանիսն էլ, թեեւ սկզբում վստահեցրին, որ պատարագին ընդառաջ դեպի Վան շրջագայություններ կազմակերպում են, սակայն հետո հայտնեցին, որ նախապես ծրագրված տուրերը չեղյալ են հայտարարել, առանց մանրամասնելու, թե ինչն է այդ որոշման պատճառը: Դրանցից մեկն էլ «Իմեգա» գործակալությունն է: Գործակալությունում մեր հարցմանն ի պատասխան, երկու օր առաջ հայտնեցին, որ կոնկրետ դեպի Վանի Աղթամար կղզի այցելություն կազմակերպում է, եւ արդեն մի քանի հոգի հայտ է ներկայացրել: Իսկ քիչ անց ասացին, որ օպերատորը, որն էլ պետք է իրականացներ շրջագայությունը, ծրագիրը չեղյալ է հայտարարել: Սակայն ձեռնպահ մնացին պատճառների մասին որեւէ բան ասել:
Այնուհանդերձ, կան կազմակերպություններ, որոնք պատարագին ամեն գնով ներկա գտնվել ցանկացողներին առաջարկում են 4-5 օրյա տուրեր: Տուրերի արժեքը տատանվում է 420-450 դոլարի սահմաններում: «Արարատ տուր»-ն, օրինակ, առաջարկում է չորսօրյա այցելություն դեպի Արեւմտյան Հայաստան: Փաթեթը ներառում է այցելություններ Արեւմտյան Հայաստանի պատմական մի քանի քաղաքներ ու բնակավայրեր, իսկ տուրի վերջին օրը նախատեսված է այցելություն Աղթամար եւ մասնակցություն պատարագին: Գործակալությունից հայտեցին, որ արշավախումբը բաղկացած է լինելու 8 հոգուց, սակայն առայժմ ընդամենը երեք հայտ է ներկայացվել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ծրագիրը չեղյալ հայտարարվի՝անհրաժեշտ թվով զբոսաշրջիկներ չլինելու պատճառով, գործակալության աշխատացուհին դժվարացավ պատասխանել:
Հայաստանցի զբոսաշրջիկներին Սուրբ Խաչի պատարագին մասնակցելու հնարավորություն են խոստանում նաեւ «Արմանե» եւ Սիդոն-թրավել» գործակալությունները: «Արմանե»-ում ասացին, որ մոտ չորս դիմում է ներկայացվել, «Սիդոն Թրավելից» հայտնեցին, որ մոտ 30 ուղեւոր արդեն իսկ տոմս է ձեռք բերել: Գործակալությունը նախատեսում է, որ պատարագին մասնակցելու համար իրենց միջոցով 60 եւ ավելի զբոսաշրջիկ կմեկնի Թուրքիա: Մանում է՝ կարողանան գլուխ բերել պլանավորածը:
Հ.Գ. Թե Հայաստանից քանի՞ զբոսաշրջիկ սեպտեմբերի 19-ին ներկա կլինի պատարագին, դժվար է ստույգ թիվ նշել: Եթե կոպիտ հաշվարկ անենք՝ ամփոփելով գործակալությունների ներկայացրած թվային տվյալները, ապա պատարագին կմասնակցի հազիվ 300-400 զբոսաշրջիկ: Սա, համաձայնեք, համեստ ներկայություն է, քանի որ այդքան աղմուկ հանած այդ պատմական միջոցառումը մի քանի անգամ ավելի շատ մարդկանց պետք է ձգեր դեպի Թուքիա՝ Աղթամար: Արդյոք, այդպես կլինե՞ր, եթե եկեղեցու գմբեթին խաչ տեղադրված լիներ, եւ Հայաստանն ու Թուրքիան ունենային ոչ թե թշնամական, այլ դիվանագիտական հարաբերություններ, կրկին դժվար է ասելը: Բայց փաստ է, որ խաչ չտեղադրելու հանգամանքն էապես նվազեցրեց պատարագի նշանակությունն ու այն վերածեց գրեթե իմաստազուրկ միջոցառման: Եւ եթե ճիշտ են վերլուծություններն այն մասին, որ խաչ չտեղադրելու միակ պատճառը Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեն էր, եւ այն ամեն կերպ անցկացնելու Էրդողանի մտադրությունը, ապա սեպտեմբերի 19-ին ընդառաջ Աղթամարի գմբեթից հանված խաչը պետք է որ կրկին իր տեղը վերադարձված լինի: Ի վերջո, վտանգը, որ Խաչի տեղադրումը մինչ հանրաքվեն կարող է ազդել դրա արդյունքների վրա, արդեն անցյալում է: Սահմանադրական հանրաքվեին թուրք հասարակությունն «այո» է ասել:
Հարկ է հիշեցնել, որ հայ հոգեւոր երեք կենտրոնները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպես նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը չեն մասնակցելու պատարագին: Այս հանգամանքը եւս բացասաբար է ազդելու պատարագի խորհրդի վրա:
Հեղինե Մանուկյան





























