Աբխազիայի կառավարության ղեկավար Արթուր Միկվաբիան հաստատել է թուրքական այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումն Աբխազիա 2016 թվականի մարտի 1-ից արգելված է: Սեւ ցուցակում հայտնվել են, մասնավորապես, կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, սոխը, սխտորը, կաղամբը, խաղողը, սեխը, ձմերուկը, խնձորը, տանձը, սերկեւիլը, ծիրանը, դեղձը, բալը, կեռասը, սալերը եւ ցիտրուսային մրգերը:
Բացի այդ, ըստ ՌԲԿ-ի, 2016 թվականի մարտի 1-ից աբխազական իշխանություններն արգելում են Թուրքիայից կենդանի, թարմ, սառեցված, չորացված, ծխեցված ձկնամթերքի ներկրումը:
Արգելքը չի տարածվում այն մթերքի վրա, որն Աբխազիա է ներմուծվում անձնական օգտագործման նպատակով, տեղական օրենսդրությամբ թույլատրված քանակով:
Վարչապետի կարգադրության մեջ նշված է, որ արգելքը սահմանվում է՝ ռուս-աբխազական ռազմավարական համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի իրականացման նպատակով:
Ավելի վաղ Աբխազիան հրաժարվել էր թուրքական նավերի վարձակալությունից:



























