Նավթի գինը մինչեւ 25 դոլարի հասնելու դեպքում Ռուսաստանի բյուջեի անդեֆիցիտ կատարողականի համար դոլարը 2016թ. պետք է արժենա 210 ռուբլի։ Բյուջեի 3-տոկոսանոց կատարողականի համար (իսկ այդ թիվը դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը համարել էր առավելագույն), դոլարը պետք է արժենա 140 ռուբլի։ Նման հաշվարկներ են արել Bank of America Merrill Lynch-ի փորձագետները։

Հունվարի կեսին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտնել էր, որ նախարարությունը սթրեսային սցենար է մշակում, որի համաձայն՝ մեկ բարել նավթի գինը նվազելու է մինչեւ 25 դոլար։

Ռուսաստանի բյուջեն 2016թ. կազմվել է նավթի տարեկան միջին գինը 50 դոլարի, իսկ դոլարի փոխարժեքը՝ 63.3 ռուբլու հաշվարկով։ Ուլյուկաեւը նշել էր, որ դեռեւս վաղ է վերանայել հաստատված բյուջեն, քանի որ անորոշության մակարդակը բարձր է։

Տարվա սկզբից Brent տեսակի նավթը էժանացել է 20 տոկոսով եւ 2004թ.-ից ի վեր առաջին անգամ 28 դոլարից ցածր գին է գրանցել։ Դրա հետ մեկտեղ դոլարի փոխարժեքը հատել է 79 ռուբլու շեմը, իսկ եվրոն հասել է 86 ռուբլու։

Barclays-ի գնահատմամբ՝ 2016թ. նավթի միջին գինը կկազմի բարելի դիմաց 37 դոլար (նախորդ կանխատեսումների համաձայն՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց)։ Բանկի վերլուծաբաններ Քեւին Նորիշն ու Մայքլ Քոենը իրենց տեսության մեջ նշել են, որ 2016թ.  սկզբին նավթաշուկայում վիճակի վատթարացման կապակցությամբ պետք է ճշգրտումներ մտցնել 2016թ. երկրորդ կեսին  նավթի գների կանխատեսումների վերաբերյալ՝ նշելով, որ թեպետ 2016թ. երկրորդ կեսին  աճ կանխատեսվում է, սակայն այն այդքան մեծ չի լինի, որքան սպասվում էր, փոխանցում է ՌԲԿ-ն։