Ամերիկյան նավթ տեղափոխող առաջին տանկերը ԱՄՆ-ից ժամանել է Եվրոպա։ Այն բեռնաթափվել է Մարսելի մոտակա Ֆոս նավահանգստում, որտեղից նավթը խողովակատարով տեղափոխվելու է Շվեյցարիայի կամ Գերմանիայի նավթամշակող գործարաններ, գրում է The Financial Times-ը։ Արտահանումը վերականգնվել է ԱՄՆ-ից արտահանվող նավթի մատակարարումների արգելքը չեղարկելուց հետո։

Մատակարարումն իրականացրել է Vitol ընկերությունը, փոխանցում է Lenta-ն։

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր 2016թ. ֆինանսական տարվա բյուջեն, որը չեղարկում էր ավելի քան 40 տարի առաջ ամերիկյան նավթի արտահանման վրա դրված արգելքը։

Արգելքը սահմանվել էր 1975թ. որպես պատասխան էներգետիկ ճգնաժամին, որը սկսվել էր 1973թ., այն բանից հետո, երբ բոլոր արաբական երկրները հրաժարվեցին նավթ մատակարարել Իսրայելին աջակցող երկրներին։ Դրա հետեւանքով մեկ տարում մեկ բարել նավթի գինը 3 դոլարից դարձավ 12 դոլար։