Եվրոպական խորհրդարանը հերթական անգամ արձանագրել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` այն դիտարկելով որպես միակ միջազգային ձեւաչափ, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ:  Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրոպական Միությունում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի  16-րդ նիստի հայտարարությանը: 

Նրա խոսքով, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ լիակատար փոխըմբռնում կա ոչ միայն ներկայի եւ  ապագայի հեռանկարների վերաբերյալ, այլեւ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, ղարաբաղյան հակամարտությունը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: 

«Պիտի հատկապես ընդգծեմ այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանը խստորեն կոչ է արել, որ եվրոպական մնացած 5, ինչպես նաեւ միջազգային այլ կառույցները որեւէ բանաձեւի նախագիծ քննարկելիս անպայման փորձեն համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հայտարարություններին եւ բառապաշարին», - նշել է Սամվել Ֆարմանյանը:

Պատգամավորը հայտարարությանն առանձնահատուկ կարեւորություն է տվել այն տեսանկյունից, որ Եվրախորհրդարանը բարձրագույն օրենսդիր մարմին է, որն արտահայտում է Եվրոպական Միության երկրների հավաքական կամքը:  «Եվ երկրորդ, դա տեղի է ունենում Ստրասբուրգում, որտեղ օրեր անց կընթանա եւս մի կարեւոր իրադարձություն` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում կքննարկվի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի զեկույցը: Կարծում եմ, որ Եվրախորհրդարանի հայտարարությունը եվրոպական տարբեր մայրաքաղաքների ուշադրությանը կարժանանա», - հավելել է Սամվել Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը: Ընդունված ամփոփիչ հայտարարության մեջ Եվրախորհրդարանը հայտարարել է, որ «ամբողջությամբ աջակցում է բանակցային գործընթացին, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է եւ այս կապակցությամբ համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին եւ կառույցներին վճռականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղին վերաբերող դիրքորոշումներում եւ հայտարարություններում ներդաշնակ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների հետ, որպեսզի այսպիսով նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»: