Հայաստանի բանկային համակարգը խուսափեց ցնցումներից՝ ի տարբերություն մեր հարեւանների: Հունվարի 21-ին Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ ֆինանսական համաձայնագրերի կնքումից հետո հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հենց տարեսկզբից միջազգային երկու խոշոր ֆինանսական կառույցներ զգալի գործարքներով հանդես եկան: Ըստ Արթուր Ջավադյանի, դա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանություններն ու բանկային համակարգը կատարել են «տնային առաջադրանքը»:

«Մեր տնտեսությունը դանդաղ է զարգանում, բայց ամեն ինչ համեմատության մեջ է որոշվում, հատկապես եթե նայենք մեր հարեւան երկրին եւ տարածաշրջանի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին: Ամեն դեպքում, մենք կարողացանք ապացուցել, որ Հայաստանը լուրջ եւ լավ տարածք է ներդրումների համար»,- նշեց Ջավադյանը:

Նշենք, որ համաձայնագրերից մեկով EBRD-ն «Ամերիաբանկ»-ի կապիտալում 40 մլն դոլար կներդնի: Առաջին փուլում բանկը կներդնի 30 մլն դոլար՝ բաժնետոմսերի շուրջ 20%-ի գնման համար: Մնացյալ 10 մլն-ը կօգտագործվի բանկի կապիտալի հետագա աճի համար:

Մյուս համաձայնագրով, IFC-ն «Ամերիաբանկ»-ին 50 մլն դոլարի չափով սուբորդինացված վարկ է տրամադրել:

«Ամերիաբանկ»-ը ակտիվներով, վարկային պորտֆելով, պարտավորություններով եւ ներդրումներով Հայաստանի խոշորագույն բանկերից է: Բանկի ընդհանուր կապիտալը ներկայում կազմում է գրեթե 200 մլն դոլար, իսկ 2015 թվականի վերջին ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 1 մլրդ դոլար: