Հայաստանում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը` Աթենք) այսօր՝ հունվարի 21-ին, հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին։

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով հյուրին՝ փոխնախարար Մանասարյանը բարձր է գնահատել Հայաստանում առաջին դեսպան նշանակելու Բանգլադեշի իշխանությունների որոշումը: Փոխնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ համագործակցության ձևավորման և ընդլայնման գործում։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերը կգործադրի Հայաստանի և Բանգլադեշի միջև հարաբերությունների զարգացման համար։

Հանդիպման ընթացքում փոխնախարար Մանասարյանը և դեսպան Ուդինն  անդրադարձել են քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում։