Հունվարի 22-ին լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը։ Անցել է գրեթե մեկ դար, սակայն Բաբաջանյանի էներգիայով լի, ինքնաբավ, հուզիչ երաժշտությունը, շարունակում է հնչել եւ հիացնել միլիոնավոր մարդկանց։ Կոմպոզիտորը մեծ հռչակ է ձեռք բերել որպես երգահան՝ համագործակցելով Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Լեոնիդ Դերբենյովի, Անդրեյ Վոզնեսենսկու, Մուսլիմ Մագոմաեւի եւ շատ այլոց հետ։
NEWS.am-ը հավաքել է մաեստրոյի իմաստուն, երբեմն սուր եւ անկեղծ մտքերից մեջբերումները (ֆոտոռեպորտաժ)։
Երգերը ես հատուկ չեմ հնարել երբեք: Երգն ինքն իրեն է գալիս ինձ:
Ամենամեծ դատավորը մեր ժողովուրդն է: Ժողովրդին ոչ մի բանով չես կարող խաբել: Շատ վախտ գործ ես գրում, քեզ թվում է, որ պիտի լավ լինի, բայց վերջին խոսքը ասում է ժողովուրդը: Եթե ժողովրդին երգը դուր չի եկել, ուրեմն մեծ սիրտ չես դրել այդ գործի մեջ:
Ժողովրդի սերը պետք է միշտ արդարացնել:
Բոլշեւիկների համար պատնեշներ չկան։
Կոմպոզիտորը պետք է վստահ մարդ լինի։ Վստահ իր իրավացիությանը։
Կնոջ՝ Թերեզայի հետ
Ես միշտ կամերային-սիմֆոնիկ երաժշտություն եմ գրել։ Երբ ինձ հարցնում են, թե որն է իմ առաջին երգը, ես ասում եմ. «Առաջին սիրո երգը»։ Դա ֆիլմի համար երաժշտություն գրելու իմ առաջին փորձն էր։ («Առաջին սիրո երգը» Ֆիլմը։ Ծնթ. Խմբ)։
Ես հիշում եմ, Տոմսկում համերգներով էին հանդես գալիս, եւ այնտեղ փողոցով աղջիկներ էին քայլում ու երգում. «Ուր էլ լինեմ, ինձ հետ ես միշտ իմ Երեւան»։ Ինձ այնքան հաճելի էր։ Ոչ այն պատճառով, որ ես եմ գրել այդ երաժշտությունը, այլ որ Տոմսկում երգում էին Երեւանի մասին։
Դաշնակահար եւ կոմպոզիտոր լինելը տարբեր բաներ են։ Տարբեր շնորհներ։ Ես շատ տաղանդավոր տղաների եմ ճանաչում։ Նրանք բացարձակ երաժշտական լսողություն ունեն, արագ յուրացնում են եւ հիանալի են նվագում, բայց ահա կոմպոզիտորական շնորհ չունեն։ Երգ հորինել... հասկանու՞մ եք։ Կարողանալ միավորել մեծ շերտեր, մեծ մտքեր եւ կոմպոզիցիա ստանալ։
Երբ ես նվագում եմ Ռախմանինովի նախերգանքները, այնպիսի տպավորություն է, որ ես սեփական երաժշտությունն եմ նվագում։ Դրանք այնքան շատ եմ սիրում։ Առհասարակ իմ կյանքում Ռախմանինով միշտ էլ շատ է եղել։ Նա մեծ դեր է խաղացել իմ՝ որպես մարդ եւ դաշնակահար կայանալու գործում։
Որդու՝ Արայիկի հետ
Երբ ես երգեր եմ գրում, ես լրիվ ուրիշ մարդ եմ։ Ասես թե ուրիշ ռելսերի վրա եմ նստում։ Մտնում եմ ուրիշ սենյակ։
Ես երջանիկ կլինեի, եթե ինձ կիսեին։ Մի կեսը երաժշտությու կգրեր, մյուսը՝ ռոյալ կնվագեր։
Ինձ հաճախ հարցնում եմ, թե իմ երգերից որն եմ բոլորից շատ սիրում։ Ես ասում եմ. «Ոչ մի երգ էլ դուրս չի գալիս։ Ինձ դուր է գալիս այն երգը, որը դեռ չեմ գրել»։ Սակայն որոշ երգեր ինձ համար կյանքում էտապային են եղել։
Ես երգի նկատմամբ պահանջ ունեմ. այն չպետք է միայն զվարճացնող լինի։ Զվարճացնող երգ միգուցե նույնպես պետք է, սակայն ես փորձում եմ այնպիսի երգեր գրել, որոնք իրենց մեջ ինչ-որ իմաստ ունենան։ Որպեսզի նրանք հասկանալի լինեն բոլորին։ Բխեն սրտից։
«Նոկտյուրնը» ես ստեղծել եմ որպես երգ։ Եվ մտածեցի, արի ես ինքս այն երգեմ՝ ոչ թե ձայնով, այլ մատներով։ Ռոյալի վրա։ Դա երգ էր առանց բառերի։ Բառերն իհարկե հզոր բան են։ Բայց երգն ինքն իրենով պետք է անկախ լինի դրանցից։ Տեսեք Մենդելսոնը առանց բառերի հիանալի երգեր ունի։ Պատճառն այն է, որ երաժշտության որակն իրական է։

Ծնողների հետ
Ակամա հիշում եմ Արամ Խաչատրյանին։ Երբ մենք երիտասարդ կոմպոզիտորներ էինք, նա ասում էր. «Տղանե՛ր, սիրե՛ք ձեր ժողովրդական երաժշտությունը։ Միշտ օգտագործե՛ք այն։ Դա ձեզ կառանձնացնի մյուսներից։ Դուք ինքնաբավ կլինեք, եթե իհարկե դուք նաեւ ինքնաբավ տաղանդ ունեք»։ Նա միշտ կրկնում էր դա։
Ես հիշում եմ այս դրվագը։ Գնացել էի նրա տուն։ Նա ապրում էր զարմուհու տանը։ Ես ներս մտա։ Արամ Խաչատրյանը նստած էր ինչ-որ տղամարդու հետ։ Արամ Խաչատրյանն ասաց. «Հանգի՛ստ նստի»։ Ես նստեցի անկյունում։ Իսկ այդ մարդը դուդուկ էր նվագում։ Ես հետո իմացա, որ նա վարպետ Մարգարն էր։ Նա նվագում էր, իսկ Արամ Խաչատրյանը երաժշտություն էր ձայնագրում. նա բալետի համար նյութ էր հավաքում։ Հետո վարպետը մի Սայաթ-Նովայից մի գործ նվագեց, իսկ Արամ Խաչատրյանը դադարեց ձայնագրել։ Ես նույնպես կախարդված լսում էի։ Երբ նա վերջացրեց, Խաչատրյանը շրջվեց դեպի ինձ եւ ասաց. «Ինչպիսի՜ հանճարեղ երաժշտություն։ Եվ ինչպե՞ս են առհասարակ նման երաժշտություն հորինում»։

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ
Ես տանն էի՝ ռոյալի մոտ նստած, երբ ինձ ասացին, որ Արամ Խաչատրյանն այլեւս չկա։ Ես ո՛չ Շոպեն էի ուզում, ո՛չ Ռախմանինով. չգիտես ինչու ես նվագեցի Սայաթ-Նովայի այն երաժշտությունը։ Եվ ի երախտագիտություն Արամ Խաչատրյանի՝ որոշեցի դրա հիման վրա դաշնամուրի համար պիես գրել։ Այն կոչվում է «Արամ Խաչատրյանի հիշատակի էլեգիա՝ ըստ Սայաթ-Նովայի»։ Ես ահա ներկայի մարդ եմ, Սայաթ-Նովան՝ միջնադարյան բանաստեղծ, եւ մենք միասին կսգանք մեր մեծ հայրենակցի մահը։
Կյանքիս մեծ մասը ես ապրել եմ Ռուսաստանում։ Մոտ 40 տարի։ Եվ մինչեւ հիմա իմ հայկական արտասանությունը չի փոխվել։ Նման հայկական ակցենտ կա նաեւ իմ երաժշտության մեջ։ Հայկական շունչ։
Դոբրոնրավովի, Շոստակովիչի, Պլիսեցկայայի, Պախմուտովայի հետ՝ Սեւանում

Բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու եւ երգիչ Մուսլիմ Մագոմաեւի հետ

Թավջութակահար, դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ

ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ

Բալետի պարուհի Մայա Պլիսեցկայի հետ
Կոմպոզիտորի ընտանեկան արխիվից լուսանկարները գործակալությանը տրամադրել է երգիչ, դերասան, Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամի նախագահ Արայիկ Բաբաջանյանը։


























