Պետական դումայի պրոֆիլային կոմիտեն հավանություն է տվել «Ռուսական Դաշնության հանդեպ Մոնղոլիայի ֆինանսական պարտավորությունների կարգավորման մասին Ռուսաստանի եւ Մոնղոլիայի կառավարությունների միջեւ համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագծին, որի համաձայն, Ռուսաստանը դուրս կգրի Ռուսաստանի հանդեպ Մոնղոլիայի պետական պարտքի 97 տոկոսը` 174,2 մլն դոլար գումարով, տեղեկացնում է Znak.com-ը:
Օրենքի նախագծին կից պարզաբանող գրության մեջ ասված է, որ պարտքը վաղուց ժամկետանց է: Փաստաթղթի վավերացումից հետո Մոնղոլիան Ռուսաստանին պարտք կմնա 3,8 մլն դոլար, որոնք անհրաժեշտ է վճարել 30 օրվա ընթացքում:
Պետդումայի նիստի ընթացքում ջախջախիչ ելույթ է ունեցել ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին. Նա չի հասկանում, թե ինչու այն բոլոր երկրների մեջ, որոնց հետ Մոնղոլիան տնտեսական հարաբերություններ ունի, նա միայն Ռուսաստանի պարտքերը չի վճարում:
«Մոնղոլները պատրաստ էին բարտերով փակել պարտքը: Նրանք 30 մլն ոչխար ունեն, որոնք սառչում են: Ւսկ մեզ մոտ` Անդրբայկալյան մարզում ոչխար չկա, որովհետեւ բոլորը սատկել են: Պետք էր ոչխարներով վերցնել, բայց ոչ, տնտեսական զարգացման նախարարն ասում է` մեզ տարադրամ է պետք: Լսեք, իսկ միսն ինչո՞վ տարադրամ չէ: Դուք ասում եք` տարադրամ վերցնել նրանից, ով դա չունի, որպեսզի հետո այդ տարադրամով միս գնեք մեկ այլ երկրում», — ասել է Ժիրինովսկին:
Մոնղոլիայի պետական պարտքը դուրս գրելու վերաբերյալ օրենքի նախագիծը Պետդումա էր մտցրել ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը, որը նշել է, որ Մոնղոլիայից մսի մատակարարում կազմակերպելը դժվար է այդ երկրում համաճարակաբանական իրավիճակի հետ կապված:




























