Ղարաբաղյան հարցի տեղափոխումն այլ հարթակներ կամ զուգահեռ գործընթացներ իրականացնելը կարող են խաթարել միջնորդական ջանքերը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, որը մասնակցել է հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստին, որը համանախագահում էին Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ Եվրոպական խորհրդարանի անդամ Սաջադ Քարիմը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ եւ Եվրոպական խորհրդարանի անդամներ, ինչպես նաեւ ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնյաներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ձեւավորված աշխատանքային ավանդույթի համաձայն ԱԳ նախարարի տեղակալը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ մոտեցումները եւ դիրքորոշումները նիստի օրակարգում ներառված Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակի ու զարգացման հեռանկարների, ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների, Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային զարգացումների ու այլ հարցերի վերաբերյալ:

Նիստի ընթացքում փոխնախարար Նազարյանը պատասխանեց ու մեկնաբանեց մասնակիցների մի շարք հարցեր, որոնք առնչվում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, ձեռքբերումներին ու առաջիկա անելիքներին: Կարեն Նազարյանը կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ նշելով, որ հարցի տեղափոխումն այլ հարթակներ կամ զուգահեռ գործընթացներ իրականացնելը կարող են խաթարել միջնորդական ջանքերը եւ առավել վտանգել տարածաշրջանային կայունությունը: Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ու անդամ երկրների կողմից ընդունած համապատասխան բանաձեւերը, անդրադարձ կատարեց սիրիական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ապաստան գտած անձանց հիմնահարցերին՝ կոչ անելով եվրոպական գործընկերներին աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝ ուղղված նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։

Այս եւ մի շարք այլ հարցեր ներառվեցին հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունում: