ԱՄՆ-ն առաջիկայում «Իսլամական պետության» դեմ պայքարին մասնակցելու համար Իրաք կուղարկի 101-րդ օդադեսանտային դիվիզիան, որը նաեւ «Ճչացող արծիվներ» են անվանում: Այս մասին ասված է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի՝ Politico պարբերականում հրապարակված հոդվածում:

«Մեծ համբավ ունեցող 101-րդ դիվիզիայի զինվորներն առաջիկայում Իրաքում կտեղափոխվեն եւ կմիանան ԻՊ-ի դեմ պայքարին»,- նշել է Քարթերը: Նա հավելել է, որ ծրագիրն արդեն քննարկել է ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն հրամանատարության հետ, ինչպես նաեւ համաձայնեցրել Փարիզում կայացած հանդիպմանը, որին ներկա են եղել Ֆրանսիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները:

Ըստ Lenta-ի, ԻՊ-ի դեմ ցամաքային ուժեր կիրառելու անհրաժեշտության մասին Էշթոն Քարթերը հայտարարել է նաեւ CNBC հեռուստաալիքի եթերում:

Քարթերի խոսքով, ԱՄՆ-ն մտադիր է նպաստել ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայի ջանքերի ակտիվացմանը: Նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտ է զինյալներից հետ վերցնել առավել կարեւոր բնակավայրերը՝ սիրիական Ռաքքան եւ իրաքյան Մոսուլը: