Ռուսաստանի եւ Վենեսուելայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլաս Մադուրոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են նավթի համաշխարհային շուկայում տիրող ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, ավելի վաղ Վենեսուելան նամակ էր ուղարկել ՕՊԵԿ-ի անդամ-երկրներին՝ կոչ անելով արտահերթ նիստ գումարել: Դրանում նշվում է, որ նավթի գների՝ շարունակվող անկումը վնաս է հասցնում կազմակերպությունում ներառված առավել զգայուն պետությունների տնտեսություններին:

Ներկայում ՕՊԵԿ-ի անդամ են Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Ինդոնեզիան, Իրաքը, Իրանը, Քուվեյթը, Քաթարը, Լիբիան, Նիգերիան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան եւ Էկվադորը: