Ռուսական «Գազպրոմ» ընկերությունում հայտարարել են, որ Ուկրաինայի Հակամենաշնորհային հանձնաժողովը (ՈՒՀՄՀ) իրավասություն չունի կարգավորել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը:
Ռուսական ընկերության հաղորդագրությունում «Գազպրոմ»-ին 3.47 մլրդ դոլարի չափով տուգանելու՝ ՈՒՀՄՀ-ի որոշումը «ճնշում գործադրելու փորձ» են անվանել:
Նշենք, որ Ուկրաինայի Հակամենաշնորհային հանձնաժողովը «Գազպրոմ»-ի նկատմամբ 3.47 մլրդ դոլարի չափով տուգանք է սահմանել՝ Ուկրաինայում գազի տարանցման շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման համար:
Ավելի վաղ՝ հունվարի 19-ին, «Գազպրոմ»-ն «Ուկրաինայի նավթոգազ»-ին 2.5 մլրդ դոլարի հաշիվ էր ներկայացրել՝ «վերցրու եւ վճարիր» պայմանով: Ուկրաինական ընկերությունը հրաժարվել էր վճարել «Գազպրոմ»-ին՝ «վերցրու եւ վճարիր» դրույթն անիրավաչափ համարելով:



























